Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորող մարմինները հուշագրի ստորագրում են քննարկել

Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի կարգավորող մարմինները քննարկում են գործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։ Այս մասին հայտնում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Հուշագրի հնարավոր ստորագրման հարցը, ըստ հանձնաժողովի, քննարկվել է սեպտեմբերի 16-ին Սոֆիայում՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպման ժամանակ։

Կողմերը, ըստ հանձնաժողովի, քննարկել են հեռարձակման ոլորտի զարգացումներն ու արդի մարտահրավերները, ինչպես նաև երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Մասնավորապես, անդրադարձ է եղել փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններին։

Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնումն ու նման հանդիպումների շարունակականությունը։

Sputnik Արմենիա

Leave a comment