Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պաշտպան Արա Զոհրաբյանը դատական նիստի ընթացքում միջնորդել է դադարեցնել կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը կամ հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, մեկնարկել է կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործով դատական նիստը։
Ըստ Արա Զոհրաբյանի՝ կաթողիկոսին առաջադրված մեղադրանքի հիմքում Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու վերաբերյալ հոգևոր խորհրդի որոշումն է։ Պաշտպանը պնդել է, որ այդ որոշումը կամ, եկեղեցական տերմինաբանությամբ, հայրապետական տնօրինությունը, չի կարող միտված լինել դատական ակտի կատարմանը խոչընդոտելուն, հայտնում է Factor.am-ը:
Անդրադառնալով եկեղեցու՝ պետությունից անջատ գործելու սահմանադրական երաշխիքին՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։
Զոհրաբյանը նիստի ընթացքում հայտարարել է, որ պետությունն իրավասու չէ որոշելու, թե ով պետք է լինի եպիսկոպոս, հայտնում է Aysor.am-ը:
«Սույն գործով բավարար չէ պնդել, որ Հայրապետական տնօրինությունը հակասել է դատական ակտի նպատակին։ Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը բացառապես հոգևոր, կանոնական, կրոնական բնույթի ակտ է»,- նշել է նա։
Վեհափառ Հայրապետի պաշտպանն այս հիմնավորմամբ պահանջել է դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
«Քրեական վարույթը ենթակա է կարճման, Կաթողիկոսին մեղսագրվողը հանցագործություն չէ»,- պնդել է Զոհրաբյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոս մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվել է Արման Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Քննչական կոմիտե են հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Ավելի ուշ՝ Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ, քրեական գործ է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, և Կաթողիկոսին արգելվել է լքել երկիրը։
Հունվարի 27-ին Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Դրա ընթացքում խորհուրդն Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկ է ներկայացրել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հայրապետական տնօրինությամբ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է հռչակվել։