Գիշերն ուշ քնելը, առավոտյան ուշ, բայց միևնույն է՝ ուժասպառ արթնանալը մի վիճակ է, որը ծանոթ է դեպրեսիա ունեցող շատ մարդկանց։ Սակայն ավստրալիացի հետազոտողները ենթադրում են, որ, հնարավոր է, քնի այս սովորությունները ոչ թե պարզապես հիվանդության ախտանշաններ են, այլ դեպրեսիայի առանձին տեսակ։
Այն գաղափարը, որ օրգանիզմի կենսաբանական ռիթմերի խանգարումները կարող են ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան պարզապես անքուն գիշեր անցկացնելը, նոր չէ։ Սակայն British Journal of Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ այս հատկանիշների համակցությունն ունեցող մարդկանց մոտ կարող է լինել, այսպես կոչված, ցիրկադային դեպրեսիա՝ հիվանդության հնարավոր առանձին ենթատեսակ, որի հիմնական առանձնահատկությունն օրգանիզմի կենսաբանական ներքին ժամացույցի խանգարումն է։
Գիտնականները նախկինում ևս փորձել են հասկանալ դեպրեսիայի տարբեր դրսևորումների պատճառները։ 2024 թ․-ին հետազոտողները դեպրեսիա ունեցող մարդկանց շրջանում առանձնացրել էին ուղեղի ակտիվության վեց տարբեր օրինաչափություններ։ Նրանք ենթադրում էին, որ կենսաբանական առանձնահատկությունների տարբերություններով կարող է բացատրվել այն հանգամանքը, թե ինչու է նույն բուժումն արդյունավետ որոշ մարդկանց համար, իսկ մյուսների դեպքում՝ ոչ։ Ավստրալիացի գիտնականներն այլ մոտեցում են ընտրել՝ կենտրոնանալով ոչ թե ուղեղի պատկերների, այլ քնի և ցիրկադային ռիթմերի առանձնահատկությունների վրա։
Այլ մասնագետները, ինչպես նաև հենց հետազոտության հեղինակները, զգուշացնում են, որ այս արդյունքները հաստատելու համար դեռ լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։ Այնուամենայնիվ, բացահայտումները հիմք են տալիս ենթադրելու, որ որոշ մարդկանց դեպքում օրգանիզմի ներքին ժամացույցի խաթարումները կարող են ոչ թե դեպրեսիայի հետևանք լինել, այլ հենց նպաստել դրա առաջացմանը։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա կենսաբանական ռիթմերի կարգավորմանն ուղղված բուժման մեթոդները, օրինակ՝ պայծառ լույսով լուսաթերապիան և մելատոնինի կիրառումը կարող են դառնալ հիվանդության վերահսկման կարևոր միջոցներ։
Մարդու օրգանիզմն աշխատում է մոտավորապես 24-ժամյա ցիկլով։ Այդ գործընթացը կարգավորվում է գլխուղեղում տեղակայված կենսաբանական գլխավոր «ժամացույցի» միջոցով, որն օրգանիզմին ազդանշաններ է ուղարկում՝ հուշելով, թե երբ է պետք քուն մտնել, իսկ երբ՝ առույգ լինել։ Կենսաբանական ժամացույցը հիմնականում կարգավորվում է լույսի ազդեցությամբ։
Օրգանիզմի կենսաբանական ժամացույցի խանգարումները, օրինակ՝ անքնությունը կամ չափից ավելի երկար քնելը այնքան հաճախ են հանդիպում դեպրեսիա ունեցող մարդկանց շրջանում․ այս դրսևորումները ներառված են անգամ հիվանդության ախտորոշիչ չափանիշներում։
Այժմ հետազոտողները ենթադրում են, որ հետևյալ վեց առանձնահատկություններից առնվազն երեքն ունեցող մարդիկ կարող են տառապել դեպրեսիայի ավելի նեղ ենթախմբով, որն անվանում են «ցիրկադային դեպրեսիա»։ Այդ վեց դրսևորումներն են՝
- Տրամադրության սեզոնային փոփոխությունները,
- ուշ ժամին քնելու սովորությունը,
- գիշերային ակտիվությունը (այսպես կոչված՝ «բու» լինելը),
- շատ երկար քնելը,
- առավոտյան հոգնած արթնանալը,
- աշխատանքային օրերին և հանգստյան օրերին քնի ժամանակացույցերի անհամապատասխանությունը։
Ավելի քան 11 հազար մարդ ընդգրկած հետազոտության մասնակիցների մոտ մեկ քառորդը համապատասխանել է այս նկարագրությանը։ Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ տվյալները հիմնված էին մասնակիցների ինքնագնահատման վրա։ Հետազոտողները չունեին ո՛չ կրելի սարքերի միջոցով հավաքված տվյալներ, ո՛չ էլ մելատոնինի մակարդակի չափումներ, որոնք կարող էին հաստատել կենսաբանական ժամացույցի խանգարումների առկայությունը։
Այդ խմբում դեպրեսիան սովորաբար ավելի վաղ տարիքում էր սկսվել և ավելի ծանր ընթացք ուներ։ Բացի այդ, մասնակիցներն ունեին ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի, երկբևեռ խանգարման և ինսուլինակայունության նկատմամբ գենետիկորեն ավելի բարձր նախատրամադրվածություն։
Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ դեռ վաղ է խոսել դեպրեսիայի նոր ենթատեսակի հաստատման մասին։
Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
Աղբյուր՝ National Geographic
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: