Իրանի արտաքին գործերի նախարարությունը խոսել է հավաստիացումների մասին, որոնք Երևանը տվել է Թեհրանին ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։
«Մեզ ասացին, որ այս նախագծի իրականացումը ոչ մի դեպքում չի հանգեցնի սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածության փոփոխության, որ շինարարական աշխատանքները կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, և որ այս տարածքում ամերիկյան զինվորական անձնակազմ չի տեղակայվի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը շարունակելու է հաշվի առնել տարածաշրջանում օտարերկրյա տերությունների, այդ թվում՝ Վաշինգտոնի հնարավոր գործողություններից բխող ռիսկերը։
Բացի այդ, ըստ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի, Իրանը բողոք է ներկայացրել Ադրբեջանին՝ վերջինիս կողմից 14 իրանցի քաղաքացիների մուտքը արգելելու որոշման կապակցությամբ։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանն այս որոշումը չի դիտարկում որպես բարեկամական քայլ՝ հավելելով, որ հիշյալ անձանցից ոչ մեկը դիվանագետ չէ, և նրանք նույնիսկ չեն եղել Ադրբեջանի տարածքում։
Բաղային նաև հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել Իրանի դիրքորոշումը։ Խոսնակը հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը կհայտարարի հետագա այնպիսի պատասխան քայլերի մասին, որոնք նպատակահարմար կհամարի։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ եվրոպացի նախկին պաշտոնյաների կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների անգործության ու աջակցության վերաբերյալ հնչեցված քննադատությունը համահունչ է իրականությանը։
Բաղային նշել է, որ եվրոպացի գործող ղեկավարները, հատկապես գերմանացի պաշտոնյաները, պետք է նույնպիսի անկեղծություն դրսևորեն, վերանայեն իրենց դիրքորոշումները և դադարեցնեն աջակցել ագրեսորների գործողություններին։