Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին

Լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայտնել է, թե ինչու չի միացել Հայաստանի ազգային հավաքականին, որն այս օրերին Երևանում պատրաստվում է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին հանիպումներին: Նոյեմբերի 8-ին 27-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում առաջին գոլն էր խփել ընթացիկ մրցաշրջանում՝ մասնակցելով «Ռակուվի» դեմ Լեհաստանի առաջնության 14-րդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսին:

«Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ։

Վնասվածքից հետո նոր եմ վերադառնում խաղադաշտ և դեռ գտնվում եմ մարզավիճակս լիարժեք վերականգնելու փուլում։ Այս ընթացքում ինձ համար շատ կարևոր է աստիճանաբար վերադառնալ խաղային ռիթմին, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու խուսափել շտապողականությունից՝ հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքը կրկնվել էր։

Ակումբում խաղաժամանակս աստիճանաբար ավելացնելով՝ նպատակ ունեմ վերականգնելու անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունն ու գարնանային հատվածին մոտենալ լիարժեք մարզավիճակով, որպեսզի կարողանամ ամբողջ ուժով օգնել մեր ազգային հավաքականին։

Մաղթում եմ մեր տղաներին հաջողություն առաջիկա խաղերում և վստահ եմ, որ նրանք կանեն առավելագույնը՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար։

Հոգով և սրտով միշտ հավաքականի հետ եմ։ Կհանդիպենք շուտով»,- սոցցանցերում գրել է Վահան Բիչախչյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ երեք օր անց Ռիգայում վերջին տուրի հանդիպումը կանցկացնի լիտվացիների հետ: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:

Leave a comment