Ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարվածությունը չի կարելի դիտարկել միայն գազի գնի կամ ԵՄ-ԵԱՏՄ հակադրության շրջանակում, և ի՞նչ վտանգներ ու հնարավորություններ են առաջանում Հայաստանի համար աշխարհաքաղաքական շահերի բախման պայմաններում։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին տարիներին կուտակված հակասություններն աստիճանաբար տեղափոխվում են քաղաքական և անվտանգային ոլորտներից դեպի տնտեսական հարաբերությունների դաշտ։ Գազի գնի հնարավոր վերանայման, հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական շուկայում սահմանափակումների և երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման շուրջ քննարկումները ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։
Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող ավելի լայն ռազմավարական մրցակցության կենտրոնում, որտեղ տնտեսական փոխկախվածությունը վերածվում է քաղաքական ազդեցության գործիքի։
Հիմնական հարցն այն չէ, թե Հայաստանը կարո՞ղ է միանգամից հրաժարվել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից։ Ակնհայտ է, որ չի կարող՝ առանց ծանրագույն տնտեսական ու սոցիալական հետևանքների։ Հիմնական հարցն այն է, թե արդյոք գոյություն ունեցող կախվածությունը պետք է սահմանափակի Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրույնությունը, և ինչպես կարելի է կառավարել այդ կախվածությունը՝ առանց վտանգելու պետության տնտեսական կայունությունը։
Տնտեսական կախվածությունը՝ որպես աշխարհաքաղաքական ազդեցության գործիք
Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները ձևավորվել են տասնամյակների ընթացքում և ընդգրկում են ոչ միայն առևտուրը, այլև էներգետիկան, տրանսպորտը, կապիտալի շարժը, աշխատանքային միգրացիան և ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Ռուսաստանը հայկական ապրանքների արտահանման կարևորագույն շուկաներից մեկն է, իսկ ռուսական կապիտալը զգալի ներկայություն ունի Հայաստանի էներգետիկ և ենթակառուցվածքային համակարգերում։ Սակայն այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հասկացություն՝ տնտեսական փոխկախվածություն և տնտեսական խոցելիություն։
Փոխկախվածությունը միջազգային տնտեսական հարաբերությունների բնական երևույթ է։ Ժամանակակից պետություններից գրեթե ոչ մեկը լիովին ինքնաբավ չէ։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ հարաբերություններն ունեն անհամաչափ բնույթ, և կողմերից մեկը կարող է համեմատաբար փոքր կորուստներով տնտեսական ճնշում գործադրել մյուսի նկատմամբ։
Հայաստանի պարագայում այդ անհամաչափությունն առկա է մի քանի ուղղություններով։ Հայկական արտադրողների մի մասի համար ռուսական շուկան դժվար փոխարինելի է՝ ոչ միայն իր ծավալներով, այլև լեզվական միջավայրով, սպառողական նախասիրություններով, հաստատված մատակարարման շղթաներով և ԵԱՏՄ շրջանակում գործող մաքսային պայմաններով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Հայաստան փոխանցվող դրամական միջոցները և ռուսական տնտեսության հետ կապերը որոշակիորեն ազդում են ներքին սպառման ու տնտեսական ակտիվության վրա։
Այդ պատճառով Ռուսաստանի կողմից հնարավոր առևտրային սահմանափակումները կարող են հայկական տնտեսության համար ունենալ անհամաչափ հետևանքներ։ Ռուսաստանի հետ առևտրի աճը պայմանավորված չէ բացառապես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։ Վերջին տարիներին դրա վրա ազդել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով փոխված առևտրային հոսքերը, վերաարտահանման գործընթացները և միջազգային պատժամիջոցների արդյունքում ձևավորված նոր շուկաները։ Հետևաբար, Հայաստանի տնտեսական հաջողությունները բացառապես ԵԱՏՄ-ի հետ կապելը նույնքան ոչ ամբողջական մոտեցում է, որքան ռուսական շուկայի նշանակությունը թերագնահատելը։
Երկաթուղային հարցը. ինչո՞ւ այն կարող է ավելի ռազմավարական լինել, քան գազի գինը
Երկաթուղու հարցը նույնիսկ ավելի լուրջ է, քան գազի հնարավոր թանկացումը։ Այս դիտարկումն ունի ծանրակշիռ տնտեսական և աշխարհաքաղաքական հիմնավորում։ 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղային համակարգը կոնցեսիոն կառավարման է փոխանցվել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին։ Պայմանագիրը նախատեսում է 30 տարվա կառավարում՝ երկարաձգման հնարավորությամբ։ Երկաթուղային ենթակառուցվածքը շարունակում է մնալ Հայաստանի սեփականությունը, սակայն դրա կառավարման հիմնական գործառույթներն իրականացվում են ռուսական ընկերության միջոցով։
Առաջին հայացքից սա տնտեսական կառավարման սովորական մոդել է։ Սակայն Հայաստանի աշխարհագրական դիրքն այն վերածում է ռազմավարական նշանակության հարցի։ Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ տասնամյակներ շարունակ փակ սահմանները սահմանափակել են արտաքին առևտրի այլընտրանքային ուղղությունները։ Այս պայմաններում երկաթուղին պարզապես փոխադրամիջոց չէ։ Այն պետության արտաքին տնտեսական կապերի, տարանցիկ ներուժի և տարածաշրջանային դիրքի ձևավորման առանցքային բաղադրիչներից մեկն է։
Գազի գնի բարձրացումը կարող է անմիջապես ազդել արտադրության ինքնարժեքի, բնակչության ծախսերի և գնաճի վրա։ Սակայն երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման շուրջ երկարատև անորոշությունը կարող է ազդել Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի վրա տասնամյակներ շարունակ։ Հատկապես, կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր բացման արդյունքում կանգնած է նոր հնարավորությունների առաջ։ Սակայն այստեղ կարևորագույն խնդիրն այն է, թե որքանով Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ արդյունավետ տնտեսական քաղաքականություն կվարեն, արդյո՞ք իրենց նպատակը թուրքական աշխարհի քաղաքականության տրամաբանության մեջ Հայաստանը կլանելը չէ, որի հետևանքով պետականության կորստի վտանգ կառաջանա։ Այստեղ արդեն լոկ տնտեսական արդյունավետության խնդիրը չի դառնում առաջնային։
2026 թվականի օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղային համակարգը կարող է սահմանափակել միջազգային բեռնափոխադրողների և ներդրողների հետաքրքրությունը՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ Նա առաջարկեց քննարկել կոնցեսիոն կառավարման իրավունքները Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը։
Այսպիսով, երկաթուղու շուրջ հնարավոր հակասությունն ունի երկու հարթություն։ Ռուսաստանի տեսանկյունից այն կարող է կապված լինել Հարավային Կովկասում տնտեսական ներկայության և ռազմավարական ազդեցության պահպանման հետ։ Հայաստանի տեսանկյունից՝ միջազգային տարանցիկ համակարգերին ինտեգրվելու և արտաքին տնտեսական կապերը բազմազանեցնելու հնարավորության հետ։ Այստեղ անհրաժեշտ է կարևոր սահմանազատում կատարել. երկաթուղու կոնցեսիոն կառավարումը ինքնին չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահին կամայականորեն փակել հայկական երկաթուղին։ Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմանվում են պայմանագրով, և դրանց վերանայման համար գոյություն ունեն իրավական ընթացակարգեր։
TRIPP-ը և տարածաշրջանային նոր հաղորդակցությունները. նոր հնարավորությո՞ւն, թե՞ նոր կախվածություն
Երկաթուղային խնդիրը առանձնահատուկ նշանակություն է ստանում TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության համատեքստում։ 2026 թվականի մայիսի 26-ին հրապարակված Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի տարածքում բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքների զարգացման համագործակցություն։ Նախատեսվող զարգացման ընկերությունում ամերիկյան կողմին վերապահվում է 74%, Հայաստանին՝ 26% մասնաբաժին, իսկ որոշակի տարածքների զարգացման իրավունքների նախնական ժամկետը սահմանվում է 49 տարի։
Այս նախաձեռնությունը կարող է Հայաստանի համար բացել տրանսպորտային նոր ուղղություններ դեպի Ադրբեջան, Թուրքիա, Կենտրոնական Ասիա և եվրոպական շուկաներ, բայց այստեղ առաջանում է սկզբունքային հարց․ եթե Հայաստանի երկաթուղային համակարգի մի զգալի մասի կառավարումը գտնվում է ռուսական ընկերության ձեռքում, իսկ նոր տարանցիկ ենթակառուցվածքների զարգացման որոշիչ իրավունքները տրամադրվում են ամերիկյան վերահսկողությամբ գործող ընկերությանը, ապա ինչպե՞ս է Հայաստանը ապահովելու տարբեր ենթակառուցվածքների միջև փոխգործակցությունը և սեփական տնտեսական շահերի առաջնայնությունը։
Սա չի նշանակում, որ այդ երկու մոդելները անպայման հակասում են իրար։ Սակայն դրանց համադրումը պահանջում է երկարաժամկետ կարգավորումներ, ֆինանսական թափանցիկություն, հստակ իրավասություններ և արդյունավետ պետական վերահսկողություն։ Առավել կարևոր է, որ տարանցիկ նախագծերի հաջողությունը չի չափվում միայն Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների առկայությամբ։ Տնտեսական արդյունքը կախված է այն բանից, թե ինչ ծավալով բեռներ կտեղափոխվեն, որքան մրցունակ կլինեն սակագները, ինչպիսի մաքսային և սահմանային ընթացակարգեր կգործեն, և հայկական ընկերություններն ինչ մասնակցություն կունենան ձևավորվող լոգիստիկ շղթաներում։
Առանց այս նախապայմանների Հայաստանը կարող է ունենալ նոր ճանապարհներ, բայց չստանալ դրանց աշխարհագրական դիրքից ակնկալվող տնտեսական ամբողջական օգուտը։ Հետևաբար, նոր հաղորդակցությունների բացումը պետք է դիտարկել ոչ թե ինքնաբերաբար՝ որպես տնտեսական անկախության երաշխիք, այլ՝ որպես հնարավորություն, որի արդյունավետ օգտագործումը կախված է պետական քաղաքականության որակից։
Սակայն կարևոր է հասկանալ, որ տնտեսական կոմունիկացիաներն առաջին հերթին ունենում են աշխարհաքաղաքական նշանակություն, և մեծ հարց է, թե Իրանն ինչպես կարձագանքի ԱՄՆ ներկայությանն իր սահմանին։ Մերձավոր Արևելքի դեպքերը ցույց են տալիս, որ հնարավոր արձագանքը կարող է ամենածայրահեղ դրսևորումները ստանալ։
Արտակ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: