Աբրահամյան․ Իշխանությունը մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցության վտանգավոր միջադեպը

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի գործողություններին, որը հրազենային վիրավորում է հասցրել հայ կնոջն ու վնասվածներ՝ նրա երեխաներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունը «որոշում ունի նրան հանձնել Բաքվին»:

«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցության վտանգավոր միջադեպը, իսկ ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը, որովհետև որոշում ունի ադրբեջանցուն հանձնել Բաքվին»,-նշել է նա:

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը պատահական սահմանախախտման դեպք չէ, առավել ևս հաշվի առնելով, որ դրա հետևանքով քաղաքացիական անձինք և անչափահասներ հրազենային վիրավորում ու մարմնական վնասվածքներ են ստացել, ինչպես նաև ենթարկվել են հոգեբանական ներգործության։

«Դեռ վաղ է խոսել ադրբեջանցու իրական դրդապատճառների և նպատակների մասին, սակայն առկա փաստերն էլ ծանրակշիռ հիմնավորում են՝ վերջինիս հենց այնպես Բաքվին չհանձնելու առումով:

ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ»,-գրել է Աբրահամյանը:

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է:

Leave a comment