Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։
Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։
«ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը, շարունակական ձախողումներից հետո, չի դադարում խոսել, և այժմ նրա խոսքերը գերազանցել են նույնիսկ իր իսկ երևակայության սահմանները»,- ուրբաթ օրը X սոցիալական ցանցում գրել է Ռեզային:
«Ձեր երևակայության մեջ դուք կարող եք հաղթել ամեն օր։ Սակայն իրականությունը կերտվում է Իրանի, նրա ժողովրդի, զինվորների ու հրթիռների միջոցով»,- հավելել է նա։
Ռեզայիի այս արձագանքը հաջորդել է Թրամփի այն բազմաթիվ պնդումներին, թե ԱՄՆ-ն արդեն հաղթել է կամ շատ մոտ է Իրանի հետ պատերազմում հաղթանակին։ Հինգշաբթի օրը ամերիկյան նախագահը նշել էր, որ Թեհրանը կապիտուլյացիայի եզրին է, և հակամարտությունը կարող է ավարտվել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։
Դրա հետ մեկտեղ, Թրամփը չի բացառում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Reuters գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ Իրանը պատրաստվում է ամերիկյան հնարավոր նոր հարվածին։
Կողմերի միջև բանակցությունները ևս առայժմ արդյունք չեն տվել։ Ըստ Reuters-ի՝ Իրանը Կատարի միջնորդների միջոցով առաջարկ է փոխանցել, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում և պատժամիջոցների չեղարկում, սակայն Թրամփը մերժել է այն։
Հինգշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է ընդունի Վաշինգտոնի առաջարկած գործարքը. «Նրանք կա՛մ կստորագրեն շատ արդարացի համաձայնագիր, կա՛մ այլևս գոյություն չեն ունենա», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նախօրեին Ռեզային նույնպես հերքել էր հակամարտության մոտալուտ ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի պնդումները։ Նրա հայտարարությունը հնչում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև ինչպես դիվանագիտական շփումների, այնպես էլ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման շուրջ պահպանվող անորոշության ֆոնին։