«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը կալանավորվել է (PAN.am)

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ և ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

«Հայաստան» դաշինքը դա որակել է որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում:

«Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։

Վանաձորում սա նորություն չէ. քաղաքի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունը վարվեց վանաձորցիների քվեի հետ։ Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքը պահանջում է անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը, կոչ է անում իրավապաշտպան և միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին պատշաճ գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Օհանյանին ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկն Արթուր Օհանյանն է:

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Օհանյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում զբաղեցրել է 23-րդ համարը։

Leave a comment