Սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր․ «Փաստ»

Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։

Որպես կանոն՝ իշխանական ռազմավարությունը կառուցվում է PR-ային գեղեցիկ ցուցանիշներ ներկայացնելու, տնտեսական աճի ու առաջընթացի մասին ազդարարելու վրա՝ ընդհանրապես անտեսելով այն հիմնարար իրողությունը, որ թվային կտրվածքով արձանագրվող երբեմն արհեստական արդյունքները որևէ առնչություն չունեն սոցիալական կյանքի իրական պայմանների հետ։ Այստեղ ամենամեծ հակասությունն այն է, որ պաշտոնյաների՝ հատկապես բարձրաստիճան կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը պարբերաբար շեշտակիորեն բարձրացվում են՝ իրավացիորեն հարուցելով հանրային դժգոհություն, քանի որ այս միջոցառումները ուղեկցվում են դասական «լափշա կախելու» մեթոդաբանությամբ, երբ հասարակությանը ներկայացնում են այնպիսի պատկեր՝ իբր երկրի բոլոր քաղաքացիների վիճակը կայուն ու բարելավվող է։

Ավելին, նման պնդումները վերածվում են ցինիկ «կատակների», երբ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե բնակարանները տարիների ընթացքում թանկացել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ «հարստացել» են, ու այն պետք է ընկալել որպես բարեկեցության փաստ։ Իրականում անշարժ գույքի թանկացումը ոչ թե մեծամասնության հարստացման, այլ հակառակը՝ նրանց սոցիալական վիճակի վատթարացման պատճառ է դարձել։ Երբ քաղաքացին տուն ունի, բայց չունի արժանապատիվ աշխատանք ու եկամուտներ, ի՞նչ անի, իր տունը վաճառի ու իր առօրյա կարիքները հոգա՞։ Ինչպե՞ս կարող է նա իրեն հարստացած համարել, եթե իր ամենօրյա պահանջները բավարարել չի կարողանում։ Ավելին, գույքահարկի ավելացումն ու կոմունալ վճարումների մշտական աճը ստիպում են ընտանիքներին իրենց վերջին ռեսուրսները ծախսել հարկադրված պարտավորությունների վրա, եթե չասենք, որ երբեմն ստիպված են ընկնել պարտքերի ու վարկերի տակ։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքում տների գների տարբերության մեծ սանդղակ կա։ Մարզերում տներն էժան են, իսկ մայրաքաղաքում, հատկապես կենտրոնական հատվածում գները շատ բարձր են։ Հիմա ինչո՞վ է հեռավոր շրջաններում ապրող մարդը հարստացել, երբ, օրինակ՝ իր տան գինը կարող է այս ընթացքում չնչին է ավելացել։ Ավելին, բնակարանների շուկայում ընթացող թանկացումը, որն ակնհայտորեն պայմանավորված է տնտեսական ու միգրացիոն գործընթացներով, քաղաքացիների համար սեփական բնակարան ձեռք բերելը դարձնում է առավել դժվար։

Շատ դեպքերում երիտասարդները, մինչև կարողանան բնակարան ձեռք բերել, ստիպված են լինում տարիներով ապրել վարձած բնակարաններում, այն էլ՝ չափազանց բարձր վարձավճարներով, որոնք կառավարության կողմից որևէ կարգավորող կամ աջակցող ծրագրի միջոցով չեն հավասարակշռվում։

Պետական քաղաքականությունն այս ոլորտում բացակա է. պետությունը որևէ կերպ չի մեղմում անշարժ գույքի համատարած գնաճի սոցիալական հետևանքները։ Այս իրավիճակից օգտվում են միայն այն քաղաքացիները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կուտակել մեծ թվով անշարժ գույք և հիմա դրանք վարձով տրամադրելու հաշվին կրկնապատկում, նույնիսկ եռապատկում են իրենց հարստությունը, ինչն էլ ավելի է խորացնում բնակչության բևեռացումը և ավելացնում սոցիալական անարդարությունը։

Առավել տհաճ ու վիրավորական է ներկայիս իշխանությունների կիրառած սոցիալական քաղաքականության երկրորդ առանցքային դրսևորումը՝ թոշակի հազար դրամով ավելացումը՝ հանգուցյալների հարազատներին թաղման համար տրամադրվող նպաստի հաշվին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ հնչում է աբսուրդային թեզը՝ իբր ոչ բոլոր առանձին քաղաքացիներն ունեն այդ 200 հազար դրամ միանվագ աջակցության կարիքը։ Այդ ֆոնին իշխանությունները ոչ միայն չեն ամաչում, այլ շարունակաբար բարձրացնում են իրենց աշխատավարձերը՝ նվազագույնը երկու անգամ, հետն էլ՝ անընդհատ պարգևավճարներ ստանում։ Հանրությունը դրա փոխարեն ստանում է թոշակի ընդամենը հազար դրամով ավելացում, այն էլ՝ շոշափելի գնաճի պարագայում, երբ այդ գումարը օրական կամ ամսական ծախսի մեջ կորչում է առանց որևէ նշանակալի փոփոխության։ Տպավորություն է, թե իշխանությունն ուղղակի ծաղրում է թոշակառուներին՝ 1000 դրամ նետած ողորմությունը համարելով մեծ գործ։

Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ իշխանությունը մինչև հիմա հայտարարում է, թե «ժողովրդից թալանվածը» հետ են բերում պետական բյուջե, դրա միջոցով այդ միջոցները վերադարձվում են ժողովրդին, բայց ստացվում է, որ այդ գումարների հետ ժողովուրդը կապ չունի, քանի որ թեկուզ բյուջե մուտքագրված այդ միջոցները հոսում են պաշտոնյաների գրպանը։ Այլապես թող հայտարարեն, թե այդ վերադարձված միջոցներից որքա՞ն է բարձրացել թոշակն ու աշխատավարձերը։

Իսկ տնտեսական աճի մասին հայտարարված պնդումները հասնում են պոպուլիզմի գագաթնակետին։ Վիճակագրական աճը, որը հրապարակվում է՝ հիմնականում գործածելով ոչ լիարժեք մեթոդաբանություն և իր մեջ կրելով մանիպուլյացիայի տարրեր, որևէ կերպ չի համապատասխանում գների աճին, կյանքի որակի ու գնողունակության իրական անկմանը։ Անգամ կարճ ժամանակահատվածում խանութ չմտնելն այսօր վերածվել է նկարագրական դրամատիկ իրավիճակի. երկու օր խանութ չգնալով՝ մարդը երրորդ օրը պարզում է, որ ապրանքների գինը զգալի բարձրացել է, ու ստիպված է լինում վերանայել իր նախընտրած ապրանքների ցանկը՝ ավելի էժան տարբերակներ գտնելու համար։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment