2030 թվականին գիտնականները կապացուցեն, որ արհեստական բանականությունն օժտված է գիտակցությամբ, իսկ հինգ տարի անց՝ 2035-ին, կօրինականացվի ոչ կենսաբանական ագենտի հետ ամուսնությունը։ Հայ–ռուսական համալսարանում կայացած վարպետության դասի ժամանակ նման կանխատեսում է արել հայտնի գործարար և արհեստական բանականության ոլորտի առաջնամարտիկներից մեկը՝ Դավիթ Յանը։ Այս մասին հայտնում է բուհի մամուլի ծառայությունը։
«2040 թվականին կսկսվեն բողոքի ցույցեր ի պաշտպանություն ռոբոտների՝ Robots Lives Matter։ 2045 թվականին ի հայտ կգան հասարակության առաջին հիբրիդային անդամները․ մարդիկ կունենան ոչ կենսաբանական իմպլանտներ, իսկ ոչ կենսաբանական էակները՝ կենսաբանական իմպլանտներ` կապված գեների կամ սենսորների հետ։ Իսկ 2055 թվականին երկրներից մեկում ոչ կենսաբանական էակներըը կստանան որոշակի իրավունքներ»,-ենթադրել է Յանը։
Զուգահեռներ անցկացնելով արհեստական բանականության և մարդկային հնարավորությունների միջև՝ Յանը նշել է, որ ԱԲ-ն չունի կամքի ազատություն։ ԱԲ-ն չի կարող դառնալ Փարաջանով կամ Տարկովսկի․ միայն մարդուն է հասանելի «կախարդ դառնալու և փայտիկը թափահարելու» ունակությունը։
Փորձագետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել «երեք մոգական բյուրեղների» իր հայեցակարգը։ Դա հաջող բիզնես նախագիծ կամ ստարտափ ստեղծելու կանոն է, ըստ որի՝ պետք է հատվեն գործարարի երեք առանցքային կարողությունները։
Առաջին բյուրեղը խնդրի (հաճախորդի ցավի) իմացությունն է․ պետք է խորապես հասկանալ սպառողի իրական «ցավը», շուկայի կարիքները և խնդրի էությունը, որը պատրաստվում եք լուծել։
Երկրորդ բյուրեղը տեխնոլոգիաների իմացությունն է․ պետք է տիրապետել տեխնոլոգիական առավելության կամ այդ խնդիրը լուծելուն օգնող որակյալ արտադրանք ստեղծելու ունակություն ունենալ։
Երրորդ բյուրեղը բաշխման (դիստրիբուցիայի) ուղիների իմացությունն է․ հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես ես արտադրանքը հասցնելու հաճախորդին, ինչպես են կառուցված մարկետինգը, վաճառքը և լսարանի ներգրավման ուղիները։
Նա համոզված է, որ տեխնոլոգիական հեղափոխությունը հնարավոր չէ հետ շրջել, ատոմային էներգիան չի կարելի հետ մտցնել ուրանի մեջ, ինչպես չի կարելի վերացնել էլեկտրականությունը կամ շոգեքարշը։
«Մենք պետք է ընդունենք փաստը` Երկիր մոլորակի վրա հայտնվել է այլմոլորակային ուղեղ։ Նուբար Աֆեյանը՝ մեր հայրենակիցն ու «Moderna՞ պատվաստանյութի գյուտարարը, մի անգամ համաժողովում ասել է․ «AI-ը Artificial Intelligence չէ, AI-ը Alien Intelligence է»։ Եվ ես լիովին համաձայն եմ դրա հետ։ Երկրի վրա իսկապես հայտնվել է այլմոլորակային բանականություն, և դա անխուսափելի է»,-նշել է նա։
Դասախոսության շրջանակում Դավիթ Յանը Սլավոնական համալսարանի ուսանողների հետ ստեղծել և փորձարկել է սեփական ԱԲ-գործակալ Էմիլիին, որը նաև հայերեն է խոսում։ Բացի այդ, մասնակիցները տեսել են, թե ինչ տեսք ունի Դավիթ Յանի ԱԲ-տունը Սիլիկոնյան հովտում՝ շարժական պատերով և ռոբոտ-շներով։