Եվրոպական խորհրդարանում կայացել է Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 30-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, տեղի է ունեցել Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված միջոցառում՝ կազմակերպված Եվրոպական խորհրդարանի Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի (ENVI) կողմից՝ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) հետ համագործակցությամբ։

Բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի անդամներ, COP17-ի Եվրոպական խորհրդարանի պատվիրակության համանախագահներ Շտեֆան Քյոլերը և Սեզար Լուենան։

Որպես գլխավոր բանախոս հանդես է եկել COP17-ի ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը՝ ներկայացնելով նախագահության առաջնահերթությունները և Երևանում կայանալիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Մհեր Մարգարյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությանը՝ ընդգծելով ԵՄ կարևոր դերը կենսաբազմազանության ֆինանսավորման, ինչպես նաև տնտեսական և ներդրումային որոշումների կայացման գործընթացներում կենսաբազմազանությանն առնչվող դիտարկումների ընդգրկման գործում։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության ռեսուրսների մոբիլիզացմանը, մշտադիտարկմանը, ինչպես նաև կարողությունների բացերի հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությանը:

Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները և Կողմերի ու շահագրգիռ դերակատարների հետ ներառական համագործակցությունը՝ ընդգծելով Երևանում համաժողովի հաջող անցկացմանն ուղղված եվրոպական շարունակական ներգրավվածության կարևորությունը։

ՀՀ ԱԳՄԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment