Խաղաղությունը և Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է հակադրվեն երբևէ․ Մետաքսե Հակոբյանի առաջարկները

«Գերիների և պահվող անձանց վերադարձը չի կարող երբևէ դիտարկվել որպես երկրորդական հումանիտար հարց։ Դա պետք է լինի Հայաստանի արտաքին և քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Եվ այս ամբողջ թվերը՝ 223 զոհ սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով, 218 զոհ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով, 120 վիրավոր այդ պայթյունի հետևանքով, 22 անհայտ կորած անձինք պայթյունի հետևանքով, ավելի քան 115,000 բռնի տեղահանված, հազարավոր ընտանիքներ, որոնք դեռևս բնակարանային խնդրի լուծման գործընթացում են, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց տնտեսական ինտեգրումը իբրև թե շարունակվում է, և Ադրբեջանում պահվող հայեր․․․ մենք հասկանում ենք, որ գործ ունենք ոչ միայն սոցիալական ճգնաժամի, այլ քաղաքական հետևանքներով ազգային աղետի հետ»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը պետք է նշանակի Արցախի ժողովրդի իրավունքների քաղաքական օրակարգի ավարտ՝ հարց հնչեցրեց բանախոսը, ինքն էլ պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ ոչ։ Խաղաղությունը և Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է հակադրվեն երբևէ իրար։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ և, բնականաբար, պետք է ունենա իր պետական օրակարգը, բայց Արցախի ժողովուրդը նույնպես ունի իրավունքներ, շահեր, ինչպես նաև իր քաղաքական ձայնը։ Եվ եթե այդ ձայնն այսօր չհնչի, չներկայացվի, ապա կա վտանգ, որ ժամանակի ընթացքում Արցախի հարցը կվերածվի միայն պատմական հիշողության»։

Ի՞նչ պետք է անել՝ հարցի պատասխանն էլ հետեւյալն է․ «Պետք է ոչ միայն արձանագրել տեղի ունեցածը, այլ պետք է ձևավորել և պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական օրակարգը։ Այդ օրակարգի հիմքում, իմ համոզմամբ, պետք է լինեն առնվազն գոնե հինգ ուղղություններ․

 

Առաջին․ Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացվածության պահպանումը։

Երկրորդ․ Վերադարձի իրավունքի քաղաքական և միջազգային օրակարգի պահպանումը։

Երրորդ․ Արցախի ժողովրդի սեփականության և այլ իրավունքների ազգային պաշտպանության շարունակականությունը (շատ կարևոր)։

Չորրորդ․ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցի հետևողական բարձրացումը։

Հինգերորդ․ Հայաստանում արցախահայության արժանապատիվ, կայուն և ինքնուրույն կյանքի ապահովումը։

 

Սա նշանակում է, որ մենք պետք է անցում կատարենք օգնության քաղաքականությունից դեպի իրավունքների քաղաքականություն։ Արցախցուն պետք չէ դիտարկել միայն որպես սոցիալական աջակցության շահառու․ նա իր իրավունքներով մարդ է, քաղաքացի, ընտանիքի անդամ, մասնագետ, ձեռնարկատեր և, ամենակարևորը, Արցախի ժողովրդի մաս»։

Արցախի խորհրդարանի պատգամավորի համոզմամբ, երեք տարի անց մենք պետք է կարողանանք տալ ոչ միայն «ի՞նչ կորցրեցինք» հարցի պատասխանը, մենք պետք է պատասխանենք նաև՝ ի՞նչ ենք պահպանում, ի՞նչ ենք պահանջում, ինչպե՞ս ենք ներկայացնելու այդ պահանջները, ի՞նչ քաղաքական ճանապարհով ենք առաջ շարժվելու․ «Մեր առջև այսօր ընտրություն կա․ կամ Արցախի հարցը աստիճանաբար կսահմանափակվի անցյալի հիշողությամբ և սոցիալական խնդիրներով, կամ մենք կկարողանանք ձևավորել երկարաժամկետ քաղաքական օրակարգ՝ հիմնված Արցախի ժողովրդի իրավունքների, արժանապատվության, ինքնուրույնության, ինքնության և քաղաքական ներկայացվածության վրա։ Եվ ես վստահ եմ, որ մեր պարտականությունն է ընտրել երկրորդ ճանապարհը, որովհետև արցախահայությունը կարող է ժամանակավոր կորցրած լինել իր հայրենիքում ապրելու հնարավորությունը, բայց որևէ կերպ չպետք է կորցնի իր քաղաքական ձայնը․ այն պիտի հնչի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment