Գրեթե չորս տասնամյակ անց Իտալիան առաջին անգամ միջուկային էներգետիկան դիտարկում է որպես իր էներգետիկ ռազմավարության մաս, գրում է Oilprice-ը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Իտալիայի Սենատը վերջնականապես հավանություն է տվել կառավարության՝ միջուկային էներգիայի արտադրությունը վերականգնելու ծրագրին։ Դա տեղի է ունեցել գրեթե 40 տարի անց այն բանից հետո, երբ հանրաքվեն հանգեցրեց իտալական միջուկային ռեակտորների փակմանը։
Կառավարությունը նախատեսում է ներդնել առաջադեմ մոդուլային ռեակտորներ՝ արդյունաբերության ածխազերծմանը նպաստելու և էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ Իշխանությունները կարծում են, որ տեխնոլոգիաների զարգացումը և անվտանգության մակարդակի բարձրացումը 1987 թվականի հակամիջուկային հանրաքվեի արդյունքները դարձրել են հնացած։
Ժամանակին երկրում շահագործվում էր չորս ռեակտոր, սակայն 1987 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներով Իտալիան որոշեց հրաժարվել միջուկային էներգետիկայից։ Հանրաքվեն անցկացվել էր Չեռնոբիլի ատոմակայանի վթարից մեկ տարի անց։ Վերջին ռեակտորը կանգնեցվել է 1990 թվականին։
2011 թվականին, Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո, ևս մեկ հանրաքվե ցույց տվեց, որ իտալացիների ավելի քան 90%-ը դեմ է միջուկային էլեկտրակայաններին։
Օրենքի ընդունումը նշանակում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում կառավարությունը կմշակի գործադիր դեկրետ, որը կկարգավորի ռեակտորների լիցենզավորման և անվտանգության չափանիշները, ռադիոակտիվ թափոնների կառավարումը, ինչպես նաև կայանների տեղակայման վայրերի ընտրության չափանիշները։
Պատճառները, որոնցով Իտալիան կրկին դիտարկում է միջուկային էներգետիկայի վերադարձը, հայտնի են։ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները խաթարել են էներգակիրների մատակարարման շղթաները, ինչի հետևանքով Իտալիայում ավելանում է միջուկային էներգետիկային վերադառնալու կողմնակիցների թիվը։
Հարավկորեական Chosun Biz պարբերականը հաղորդում է, որ էներգակիրների և էլեկտրաէներգիայի ներմուծման վրա Իտալիայի ծախսերը պետական ֆինանսների վիճակի վատթարացմանը նպաստող գործոններից մեկն են։
Բացի այդ, Իտալիայում էլեկտրաէներգիայի սակագները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են մոտ 80%-ով՝ խորացնելով բնակչության դժգոհությունը։
Իտալիան մեծապես կախված է հանածո վառելիքից. բնական գազին և նավթամթերքին բաժին է ընկնում երկրի էներգամատակարարման շուրջ 80%-ը։ Մնացած 20%-ն ապահովում են վերականգնվող էներգիայի աղբյուրները, այդ թվում՝ արևային, քամու, հիդրոէներգետիկան և երկրաջերմային էներգետիկան, ինչպես նաև կենսաէներգետիկան։
Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի՝ էլեկտրիֆիկացման համաշխարհային միտման հետևանքով, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ավելի լայն կիրառման պայմաններում էներգատար տվյալների կենտրոնների աճող կարիքների պատճառով։