Գերիներին պահելով մեր արժանապատվություն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվում հայ ռազմագերիներին և պատանդներին պահելու հիմնական դրդապատճառներից մեկը Ադրբեջանի վրեժխնդրությունն է 1990-ականների սկզբին կրած պարտության համար, ինչպես նաև հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնելու նպատակը: Այս մասին «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, «ELL PARTNERSHIP» իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Հրայր Պալեանը:

Անդրադառնալով նախորդ բանախոսի՝ Տարոն Սիմոնյանի դիտարկումներին՝ Պալեանն ընդգծեց, որ Ադրբեջանի քայլերում առկա է նաև խորը հոգեբանական գործոն։

«Պահելով այս գերիներին՝ նրանք փորձում են նսեմացնել մեզ, մեր արժանապատվությունը։ Ու սա շատ կարևոր հոգեբանական տարր է, որը պետք է մեր մտքում պահենք, թե ինչու են գերիները դեռևս պահվում՝ հակառակ նրան, որ այսօր երկու երկրների միջև խաղաղության բանակցություններ են ընթանում»,- ասաց նա։

Միջազգային հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող մասնագետը շեշտեց, որ համաշխարհային պրակտիկայում չի հանդիպել նման դեպքի, երբ կողմերը խոսում են խաղաղության մասին, հայտարարում «դե ֆակտո խաղաղության» առկայության մասին, սակայն մի երկիրը շարունակում է մյուսի քաղաքացիներին պատանդ պահել:

«Այսպիսի բան չեմ տեսել ուրիշ խաղաղության գործընթացներում։ Քանի դեռ այս պատանդները և այլ հարցերը մնում են առկախված, նույնիսկ եթե որևէ համաձայնագիր ստորագրվի, այն կարող է բերել միայն «սառը խաղաղության»»,- ասաց Պալեանը։

Հրայր Պալեանի բնորոշմամբ՝ «սառը խաղաղությունը» կոնֆլիկտաբանության մեջ հայտնի եզրույթ է, որը նշանակում է զուտ ձևական փաստաթղթի ստորագրում։

«Այո, ձևի համար համաձայնագիր կստորագրվի, այո, ձևի համար այսպես կոչված խաղաղություն կհաստատվի, բայց քանի դեռ այն «սառը խաղաղություն» է, լինելու է չափազանց փխրուն և ժամանակավոր։ Եվ ամենափոքր պատրվակով հակամարտությունը կամ պատերազմը կարող է կրկին վերսկսվել երկու երկրների միջև»,- ընդգծեց բանախոսը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment