«Սահմանադրությունը, խղճի ազատության օրենքը արդյո՞ք ՀՀ եկեղեցու փաստացի այսօրվա պետին որևէ իրավունքով լիազորում են քաղաքականապես կողմնորոշելու իր ստորադրյալներին, ասել՝ «պահանջեք վարչապետի հրաժարականը», «գնա այսինչ ցույցին, խոսիր»։ Այո՞, թե՞ ոչ։ Ուզում էի այդ հարցը հնչեցնել։ Այսինքն՝ մեզ քաղաքականապես կողմնորոշելու իրավունք եկեղեցու փաստացի պետին Սահմանադրությունը և խղճի ազատության օրենքը տալի՞ս են։ Որովհետև այս շարժումը սկսվել է, երբ նաև մեր խղճի ազատության օրենքը, Սահմանադրությունն է խախտվել։ Ինձ կարգալույծ են արել, որ ես ընդվզե՞լ եմ եկեղեցու քաղաքականացման դեմ, որ ասել եմ՝ եկեղեցին գործիք չպետք է դառնա կուսակցությունների ձեռքին։ Ես անհնազանդ եմ գտնվել։ Ինչի՞ն եմ անհնազանդ գտնվել»։
Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, Վեհափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց այս գործով դատավարական կողմ՝ կարգալույծ հռչակված Արման Սարոյանը։
Նա բացատրեց, որ հոգևորականներին դատի է տվել, որովհետև ներսի ատյանները չեն գործում. «Ներսի ատյանները բռնազավթված են։ Դրա համար եմ դատի տվել»։
Հարցին, թե եկեղեցու բարենորոգման օրակարգն ուր է հասել, նախկին հոգևորականը վստահեցրեց՝ շարունակվում է, ու այս դատական գործընթացն էլ դրա մի մասն է։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։
Հիշեցնենք նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող դատական ակտի չկատարումը վերաբերում է կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոսին՝ Արման Սարոյանին։ Վերջինս 2026 թվականի հունվարի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ civilnet-ի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: