Վեհափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, վարույթը կարճվի. դատարան ներկայացվեց միջնորդություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ՝ Վեհափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստում այսօր պաշտպանները միջնորդեցին դադարեցնել Վեհափառ հայրապետի եւ եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը, քրեական վարույթն էլ կարճել:

Պաշտպաններից Արա Զոհրաբյանի խոսքով, եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցու ներքին գործն է, պետությունը չպետք է այդ հարցին միջամտի: Պաշտպանը շեշտեց, որ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և ամենայն հայոց կաթողիկոսի գործողություններում բացակայում է հանցագործությունը:

«Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն ՝ ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, իսկ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»,- ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ Սահմանադրությամբ ամրագրված կրոնական կազմակերպությունների ինքնավար լինելու հանգամանքը նշանակում, է, որ տվյալ կազմակերպության իրավունքն է ինքնուրույն որոշել իր հոգևորականների կարգավիճակը, հոգևոր աստիճանը, կանոնական պատասխանատվությունը և եկեղեցական ծառայության պայմանները:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը պետությանն ուղղակիորեն արգելում է միջամտել եկեղեցու ներքին կյանքին…եպիսկոպոսի ձեռնադրությունը, կարգապահական պատասխանատվությունն ու կարգալուծումը հենց այդ ներքին կյանքի առանցքային տարրերն են»,- հավելեց փաստաբանը:

Արա Զոհրաբյանի ներկայացրած միջնորդությանը միացավ նաև պաշտպաններից Ռոման Ահարոնյանն իր հիմնավորումներով:

Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

Հիշեցնենք նաև, որ ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող դատական ակտի չկատարումը վերաբերում է կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոսին՝ Արման Սարոյանին: Վերջինս 2026 թվականի հունվարի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ https://civilnet.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment