Մարդու առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգով պայմանավորված՝ կարելի էր ավելի օպերատիվ աշխատել. փաստաբանի արձագանքը բժշկի առջեւ հարուցված խոչընդոտներին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հրավերով մեկ օրով Երեւան ժամանած նրա հիմնական բուժող բժիշկ, գերմանացի հայտնի վիրաբույժ Նիլս Հանսեն Ալգենշտետին, որը ցանկություն ունի տեղում զննելու իր բուժառուին, թույլ չեն տալիս մտնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահվում է Գագիկ Խաչատրյանը։

Այդ առիթով փաստաբան Երեմ Սարգսյանը տեղում լրագրողներին պարզաբանեց. «Մենք արդեն երկու օր գրագրություն ենք անում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Բայց մեզ այս պահին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում ասացին, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից գրություն չեն ստացել թույլտվության վերաբերյալ, հետեւաբար, բժշկին չեն կարող թույլ տալ մուտք գործել։ Մենք արդեն երկու օր է այդ ՊՈԱԿ-ին դիմում ենք։ Հայտնել ենք, որ այդ բժիշկը կարճաժամկետ գալու է, խնդրել ենք, որ այսօր մինչեւ ժամը 14։00-ը մուտքը թույլատրեն։ Նաեւ խնդրել էինք, որ եթե խոչընդոտող ինչ-որ հանգամանք կա, որեւէ ձեւով մեզ տեղեկացնեն։ Երեկ եւս գրավոր տեղեկացրել ենք, որ գալու ենք, բայց զրո արձագանք։

Քիչ առաջ, երբ մեզ մերժեցին մուտքը, ես ՊՈԱԿ-ի թեժ գծին զանգահարեցի, բայց պատասխանող չեղավ»։

Երեմ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայությամբ եւս մեկ անգամ զանգեց։ Այս անգամ իրավասու անձ ներկայացավ Հարությունյան ազգանունով մի տղամարդ, որը հաստատեց, որ դիմումները ստացել են ու նշեց, որ փաստաբանը պատասխանը գրավոր կստանա այսօր մեկ ժամվա ընթացքում։ Փաստաբանի դիտարկմանը, թե պայմանավորված մարդու առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգով կարելի է ավելի օպերատիվ աշխատել, պարոն Հարությունյանը հորդորեց հետեւել օրենսդրի սահմանած կարգին, որը մեր երկրում որեւէ մեկը չպիտի խախտի։

Երեմ Սարգսյանը հեռախոսազանգով դիմեց նաեւ ՄԻՊ-ին, որտեղից ըստ մեզ հասած տեղեկության՝ խոստացել են աջակցել խնդրի արագ կարգավորմանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment