Ալեն Սիմոնյան․ Ասենք՝ ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեցությամբ օտարերկրյա դեսպանների` Գանձասար ու Դադիվանք այցից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը զրուցել է Հաջիևի հետ, բայց մանրամասներ հրաժարվում է ասել։

Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 մարդ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցուցադրել էր հայկական արժեքավոր ձեռագրերի թանգարանային կրկնօրինակներ՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականն այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։

«Մենք մշտապես կապի մեջ ենք. ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իր հեռախոսահամարը, երկու օրը մեկ մենք զրուցում ենք»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ են քննարկել Հաջիևի հետ, և արդյոք Ալեն Սմոնյանը նրան ասել է, որ Գանձասարը հայկական է` Սիմոնյանը պատասխանեց, որ Հաջիևի հետ ինքն այլ ձևաչափում ու այլ թեմաներով է խոսում։

«Մենք չենք խոսում` ով ա սխալ, ով ա ճիշտ։ Ես ասում եմ` կա մեր տեսակետը ու կար իրենց տեսակետը, իմ աշխատանքի իմաստը էն ա, որ տեսակետները չգան, բախվեն իրար։Ասենք՝ ասացի, որ Գանձասարը հայկական է, դա մեզ ո՞ւր է տանելու»,– հավելեց ԱԽ քարտուղարը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով` այս հարցում արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ պետք է արձագանքել ամեն ասածի։

Sputnik Արմենիա

Leave a comment