«Դժվար է դատարանից ակնկալիք ունենալ, որովհետև մենք գիտենք, որ դատաիրավական համակարգը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Բայց չի բացառվում, որ այդ դատական համակարգում կարող է դատավոր լինել, որն օբյեկտիվ կաշխատի»,- այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին։
Նա նշեց, որ սա կեղծ ու շինծու գործ է, քաղաքական նպատակներ է հետապնդում։ «Եվ միանշանակ մենք այս գործը ջախջախելու ենք։ Իսկ թե հետո ինչ կանեն, ցավոք սրտի, մենք այն երկրում չենք ապրում, որ ասենք՝ ունենք անկախ դատարան եւ վստահ ենք, որ արդար վճիռ է կայացվելու։ Բնականաբար, իշխանությունները շատ ծանր են սա տանելու և փորձելու են ինչ-որ բաներ անել։ Օրինակ՝ եթե այս մի դատավորն արդար լինի, կարող են դիմել վերաքննիչ ու մեկ այլ դատավորի միջոցով փորձեն իրենց արդարացնել ու տալ ազատազրկում, ինչի մասին ես չեմ էլ մտահոգվում։ Բայց մեր պայքարը մինչև միջազգային դատարան շարունակվելու է, և դեռ հարց է՝ Փաշինյանը կգնա՞ նման քայլի ևս մեկ անգամ»,- ասաց Օսիպյանը։
Արթուր Օսիպյանը մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով, 330-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով և 211-րդ հոդվածի առաջին մասով։ Նա ձերբակալվել և կալանավորվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
«Եթե իմ ֆեյսբուքյան գրառումներին հետևեն, կպարզվի, որ այդ էմոցիոնալ գրառումները եղել են այն դեպքից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մետրոյում հարձակվել է կնոջ վրա։ Եվ ինքը դա մեկ անգամ չի արել։ Դա այն երևույթն է, որը ոչ միայն ինձ է նյարդայնացնում, դա երևի նյարդայնացնում է բոլոր տղամարդկանց, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը փողոցում կնոջ վրա հարձակվում է: Ի պատասխան կնոջ ու արցախցիների հասցեին իր հնչեցրած վիրավորանքների, իմ գրառումը եղել է մինչեւ իր ներողություն խնդրելը և եղել է ի պատասխան իր հայտարարությունների։ Ինչ վերաբերում է իմ արտահայտություններին՝ բմբուլները քամուն տալ և այլն, պետք է համեմատել իր սպառնալիքների հետ, որ՝ կվռնդեմ քեզ»,- ասաց նա։
Արթուր Օսիպյանը նշեց, որ իրականում չորս դատական գործընթաց է զուգահեռ տեղի ունենում։ «Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմել ենք դատախազություն, որպեսզի գործ հարուցվի, որովհետև իր սպառնալիքները՝ «կվռնդեմ քեզ այստեղից, մարմնիդ ամենամեծ մասը ականջդ կման» և այլն, այ սա իրոք հանցագործություն է։ Դատախազությունն ասել է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրել են բացառապես ընդհանուր խոսակցական բնույթ։ Այսինքն՝ դատախազությունը մերժել է, դիմել ենք դատարան, ընթացքի մեջ է»,- նշեց նա։
Արթուր Օսիպյանի խոսքով՝ սեպտեմբերի 24-ին նշանակված է Նիկոլ Փաշինյանի դեմ իր ներկայացրած հայցի հիման վրա նախնական դատական նիստը։ «Սեպտեմբերի 24-ին ես դատարան փաստաթղթեր եմ ներկայացնելու 1 մլրդ 200 մլն դոլարի մասին, որը 2022-2023 թվականներին՝ Արցախի բլոկադայի և տարհանման ժամանակահատվածում, ուղղակի մսխվել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Դա Ղարաբաղի 6 տարվա բյուջեն է։ Ես այդ փաստաթղթերը ցույց եմ տալու, որպեսզի չթվա, թե Նիկոլ Փաշինյանը մեզ վիրավորել է, ես էլ իրեն ուղղակի ի պատասխան մեղադրում եմ։ Ոչ, ես ինչ ասել եմ, դրա պատասխանը տալու եմ։ Մսխողները Նիկոլ Փաշինյանի ղարաբաղցի ընկերներն են»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: