2 ամսվա համար Քննչական կոմիտեին 246 մլն 312 հազար դրամ կհատկացվի

Քաղաքականություն

2 ամսվա համար Քննչական կոմիտեին 246 մլն 312 հազար դրամ կհատկացվի

  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Քննչական կոմիտեին կհատկացվի   246 մլն 312 հազար դրամ գումար՝  լրացուցիչ փորձաքննության ծառայություններ ձեռք բերելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  միջև 15.01.2026թ.-ին կնքվել է «Փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման  պայմանագիրը։ Կենտրոնի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեն:

  Նախագիծը  գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ հիմնավորման՝ միջինում, Կենտրոնի կողմից ամսական կտրվածքով մատուցվել է շուրջ 122,253,750 ՀՀ դրամի փորձաքննությունների կատարման ծառայություններ, հետազոտվել է 2,092 օբյեկտ և տրվել է 538 փորձագիտական եզրակացություն:

Ամսական կտրվածքով Կենտրոն է մուտքագրվում միջինում 625 որոշում, իսկ 30.04.2026 թվականի դրությամբ կատարման ընթացքում գտնվող փորձաքննությունների քանակը 1223-ն է:  Պայմանագրի գումարի մնացորդը կսպառվի առաջիկա 1.7 ամսվա ընթացքում:

Նախագծի ընդունմամբ կապահովվի Կենտրոնի կողմից փորձաքննությունների կատարման ծառայությունների պատշաճ մատուցումը, որը կնպաստի քրեական վարույթներով նախաքննության ժամկետների կրճատմանը և ողջամիտ ժամկետներում քննության ավարտին:

Իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չհատկացվելու դեպքում Կենտրոնը չի կարող պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել փորձագետի եզրակացություններ, որը կունենա իր բացասական ազդեցությունը քրեական վարույթներով դատավարական գործերի ընթացքը լուծելու ժամկետների վրա և դրանով պայմանավորված կերկարաձգվեն նաև դատավարական գործերի լուծման ժամկետները:

Leave a comment