«Արմենիկում+»-ի գործով նախաքննությունն ավարտվել է․ Տնօրենը մեղադրվում է 1.6 մլրդ դրամ խաբեությամբ ստանալու փորձի մեջ

Քննչական կոմիտեն ավարտել է «Արմենիկում+»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրենը, կեղծ փաստաթղթեր օգտագործելով և քաղաքացիական հայց ներկայացնելով, փորձել է 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արմենիկում» ՓԲԸ-ից ստանալ մոտ 1.6 մլրդ դրամ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Պատմությունը սկիզբ է առել դեռևս 1999 թվականին, երբ «Միկա լիմիտեդ» ՍՊԸ-ն բիզնես ներդրում կատարելու նպատակով «Արմենիկում+» ԲԲԸ-ին 4 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն է տրամադրել։

Ըստ ՔԿ-ի՝ հետագայում այդ գումարի վերադարձի հնարավորությունն ապահովելու համար նույն տարվա դեկտեմբերին «Արմենիկում+»-ի և «Արմենիկումի» տնօրենները կազմել են կեղծ փոխառության պայմանագիր։ Դրանով ձևակերպվել է, թե իբր «Արմենիկում+»-ը «Արմենիկումին» վեց տարի ժամկետով մոտ 1.6 մլրդ դրամ է տրամադրել։ Հետագայում պատրաստվել են նաև պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կեղծ փաստաթղթեր։

Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ 2011–2018 թվականների ընթացքում կազմվել և ստորագրվել են փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր, որոնց հիման վրա «Արմենիկում» ՓԲԸ-ի համար մոտ 1.6 մլրդ դրամի պարտավորություն է ձևակերպվել։

Նախաքննության տվյալներով՝ «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն նպատակ է ունեցել քաղաքացիական հայց ներկայացնելու ճանապարհով ստանալ նշված գումարը։ «Արմենիկում+»-ի նախկին տնօրեն Լ.Գ.-ի մահից հետո Ա.Մ.-ն, առանց բաժնետերերի ժողով գումարելու, կազմել է 2021 թվականի մայիսի 24-ով թվագրված կեղծ արձանագրություն։ Այդ փաստաթղթի միջոցով նա ստանձնել է «Արմենիկում+»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ շարունակելով ղեկավարել նաև «Արմենիկում» ՓԲԸ-ն։

Այնուհետև՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին, Ա.Մ.-ն դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արմենիկում» ՓԲԸ-ից պահանջելով մոտ 1.6 մլրդ դրամ։ ՔԿ-ի վարկածով՝ ներկայացված հայցին կցվել և օգտագործվել են կեղծ պայմանագիր ու փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր։ Քաղաքացիական հայցի քննությունը դատարանում դեռ շարունակվում է։

Ա.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահման փորձի, կեղծ ապացույցներ ներկայացնելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու հոդվածներով։

«Արմենիկում» ՓԲԸ-ի և «Արմենիկում+» ԲԲԸ-ի երկու գլխավոր հաշվապահների, ինչպես նաև «Արմենիկում+»-ի նախկին տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Որպես հիմքեր նշվել են համապատասխանաբար վաղեմության ժամկետների ավարտը և անձի մահը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին՝ եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a comment