Քարոզչությունը եւ ռեպրեսիաներն այլեւս արդյունավետ չեն

«Գելափի» վերջին հարցման համաձայն, բացի ՔՊ-ից, խորհրդարան են անցնելու 4 ընդդիմադիր ուժեր, որոնք, իրենց հանրագումարով զգալիորեն գերազանցելու են իշխող ուժին: Ինչպես արդեն բազմիցս գրել էի, եթե նույնիսկ այդ հարցումներում կա 4-5 տոկոսանոց անճշտություն, Փաշինյանը ոչ մի շանս չունի ազնիվ ճանապարհով ոչ միայն սահմանադրական, այլեւ պարզ մեծամասնություն դառնալու:

Դա չի նշանակում, սակայն, որ նա չի փորձի երկարաձգել իր իշխանությունը: Հակառակը՝ գրեթե համոզված եմ, որ հունիսի 8-ի հանրահավաքում կշնորհավորի ժողովրդին՝ իր տարած «հաղթանակի» կապակցությամբ եւ ինչ-որ թվեր կհայտարարի: Ես գործնականում բացառում եմ, որ Փաշինյանի նման գործիչն ընդունի ընտրություններում իր պարտությունը: Դրա համար պետք է որոշակի պետական մտածողություն, որից ներկայիս վարչապետն իսպառ զրկված է:

Ինչ գործիքներ կան Փաշինյանի ձեռքում: Դրանք, ըստ էության, երկուսն են՝ քարոզչությունը եւ ռեպրեսիվ ապարատը: Երկուսն էլ, կարծես թե, ամբողջությամբ սպառել են իրենց ռեսուրսը: «Ինսայդերական» «բացահայտումներն», իմ տպավորությամբ, երկարատեւ ազդեցության չունեցան, որքան էլ դրանք ՔՊ-ն, դրա արբանյակ կուսակցությունները, ինչպես նաեւ քարոզիչները փորձեցին «փչել»: Ի դեպ, չեմ կարծում, որ այդ նյութերը թխողները ինչ-որ «ապատեղեկատվության գուրուներ» են: Բավականին կոպիտ աշխատանք է՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի մակարդակի: Իսկ Փաշինյանի եւ ՔՊ-ականների՝ «rap battle»-ի ոճով խայթոցները, ընդունենք, երբեմն բավականին սրամիտ են, բայց այդ խայթոցները 1-2 օրվա կյանք ունեն:

Ռեպրեսիաների ազդեցությունը նույնպես սահմանափակ է: 8 տարում թե՛ քաղաքական գործիչները եւ թե՛ հասարակության ընդդիմադիր մասը սովորել է Փաշինյանի գործելակերպին եւ պատրաստ է դրան: Եթե 10 տարի առաջ օրական 10-20 հոգի ձերբակալվեր եւ 1-2 «լրտես» բացահայտվեր, այն էլ ընտրություններից առաջ, դա հասարակության մեջ շոկ կառաջացներ: (Էլ չասեմ, թե ինչ էին անելու հ/կ-ականները): Հիմա արձագանքը բավականին հանգիստ է:

Ենթադրենք, որ Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը կձերբակալվեն, եւ Մակրոնն ու Ուրսուլան կասեն, որ դա OK է: Չեմ կարծում, որ դա էապես կազդի ընտրությունների արդյունքների վրա: Ավելին՝ գուցե դա ավելի կհամախմբի ընդդիմադիր ընտրազանգվածին: Օրինակ, ես ամենեւին Անդրանիկ Թեւանյանի համակիրը չեմ, բայց նրա դեմ ինչ-որ «լրտեսության» հոդված կարելը պարզապես խայտառակություն եմ համարում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment