Արշալույս Մղդեսյան
Իրանի դեմ արդեն հինգերորդ օրն ընթացող ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածները, որոնց աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է՝ թիրախ դարձնելով նաև Պարսից ծոցի երկրները, տնտեսական զգալի ռիսկեր են ստեղծում Իսլամական Հանրապետության անմիջական հարևանների, այդ թվում՝ Հայաստանի համար:
Իրանը տարածաշրջանի այն երկու երկրներից մեկն է, որի հետ Հայաստանն ունի բաց սահման, խորացող առևտրային կապեր և մշակում է ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստաթուղթ:
Հստակ տվյալներ չկան, թե Հայաստանն ինչ տնտեսական վնասներ է կրել արդեն հինգ օր շարունակվող պատերազմի հետևանքով: Չկան նաև պաշտոնական գնահատականներ: Այդուհանդերձ, Հայաստանի պարագայում տնտեսական ռիսկերը չեն սահմանափակվում միայն Իրանի հետ առևտրային կապերի հնարավոր խաթարմամբ: Բացի ուղիղ առևտրից, Իրանը կարևոր տարանցիկ ճանապարհ է հայկական բեռների համար. Հայաստանի արտաքին առևտրի մինչև 25%-ն անցնում է Իրանի տարածքով։
Բեռնափոխադրողներն արդեն իսկ ահազանգում են վնասների մասին: Ոլորտում ՍիվիլՆեթի միանգամից երկու աղբյուր հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր Իրանի Բանդար Աբաս նավահանգիստ ժամանած նավերը, որոնց վրա կան նաև հայկական բեռներ, չեն բեռնաթափվում:
«Այն բեռները, որոնք մինչև ռազմական գործողությունների սկիզբը բեռնաթափվել էին, արդեն հասել են Հայաստան, սակայն պատերազմից հետո իրանական նավահանգիստ ժամանած նավերը, այդ թվում՝ հայկական բեռներով, կանգնած են: Ոչ մի գործողություն չի կատարվում: Կա նավ, որը չի կարողանում անգամ նավահանգստին մոտենալ, եղել է նաև դեպք, երբ նավը հետ է վերադարձել: Մենք արդեն լուրջ վնասներ ենք կրում»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց բեռնափոխադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչը՝ ցանկանալով մնալ անանուն:
Թեպետ Իրանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը փոքր մասնաբաժին ունի ընդհանուր մեջ՝ 3,6 տոկոս, սակայն այն կայուն աճ է գրանցում:
2025-ի արդյունքներով Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 768 միլիոն դոլար՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 4,2% աճ։ Ուշագրավ է, որ Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում Իրանի տեսակարար կշիռն աճի միտում ունի. եթե 2024-ին այն կազմում էր 2,4%-ը, ապա 2025-ին հասել է 3,6%-ի։
Սակայն պատերազմի խորացման պարագայում տնտեսական ամենամեծ ռիսկը կապված է առևտրի կառուցվածքի հետ։ Հայաստանն Իրանից ունի ներմուծման բարձր կախվածություն, ինչի մասին վկայում է առևտրի խիստ բացասական հաշվեկշիռը։ Միայն 2025-ին Իրանի հետ առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն խորացել է՝ հասնելով շուրջ 600 միլիոն դոլարի (2024-ի 532 միլիոն դոլարի դիմաց)։ Սա վկայում է, որ Հայաստանն Իրանից անհամեմատ ավելի մեծ ծավալով ապրանքներ, հումք և էներգակիրներ է ներմուծում, քան կարողանում է արտահանել։
Ներմուծման կառուցվածքում զգալի կշիռ ունի բնական գազը, որը դեռ 2009-ից Հայաստան է մատակարարվում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային սխեմայով (համաձայնագիրը վերջերս երկարաձգվել է մինչև 2030-ը)։ Այս մեխանիզմով հայկական կողմը Իրանից ներմուծված յուրաքանչյուր 1 խմ իրանական գազի դիմաց տալիս է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Թեև Հայաստան մատակարարվող իրանական գազի տարեկան ծավալը 2024-ի տվյալներով (2025-ի տվյալները դեռևս հրապարակված չեն) կազմում է ավելի քան 440 մլն խմ, կապույտ վառելիքի Հայաստանի հիմնական մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ ապահովելով ներքին պահանջարկի ավելի քան 83%-ը։
Հետևաբար, Իրանի տնտեսության խաթարումն ու հաղորդակցության ուղիների հնարավոր փակումը կարող են հանգեցնել դեպի Հայաստան էական նշանակության ապրանքների մատակարարման շղթաների կտրուկ խզման՝ դրանից բխող գնաճային և դեֆիցիտային հետևանքներով։
Ի տարբերություն դեպի Իրան հայկական արտահանման, որի կառուցվածքում առյուծի բաժինն ընկնում է էլեկտրաէներգիային, Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքացանկն աչքի է ընկնում բարձր դիվերսիֆիկացիայով։ Այս հոսքում առաջատարներն են երկաթից և ածխածնային պողպատից չվերամշակված ձողերը՝ տարեկան շուրջ 81 մլն դոլար, ինչպես նաև բնական ու հեղուկ գազը՝ 78 մլն դոլար ծավալով։
Էներգակիրներին ու հումքային ապրանքներին անմիջապես հաջորդում են տարեկան 28-33 մլն դոլար ընդհանուր արժողությամբ այնպիսի ռազմավարական և շինարարական ապրանքախմբեր, ինչպիսիք են նավթավերամշակումից ստացվող մնացուկները (կոքս, բիտում), լայն սպառման նավթամթերքը (բենզին, դիզելային վառելիք, նավթ, մազութ, յուղեր), ինչպես նաև վերամշակված երկաթե և պողպատե ձողերն ու գլանվածքները։ Բացի այդ, հայկական շուկան Իրանից մեծ քանակությամբ կլանում է շինանյութ (ցեմենտ, դռներ, պատուհաններ, հատակի սալիկներ), պոլիէթիլեն, մոլիբդեն, նաև պարեն՝ կաթնամթերք և միրգ։
Վերջին չորս տարում օրինաչափություն է նկատվում. Իրանից ներմուծման ծավալները կայուն աճում են վերոնշյալ ապրանքների գերակշիռ մասի գծով։
Այսպիսով, թեև Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը ընդհանուր արտաքին առևտրի համեմատ փոքր մասնաբաժին ունի, պատերազմը կարող է զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ հատկապես մատակարարման շղթաների, էներգակիրների և շինարարական նյութերի ներմուծման ոլորտներում։
The post Պատերազմն Իրանում և տնտեսական ռիսկերը Հայաստանի համար appeared first on CIVILNET.