Դեսանտիսը չի բացառել, որ հանրապետականները Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը մինչև 2030-ականները հազիվ թե վերականգնեն
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել է, որ 2026 թվականի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո կուսակցությանը կարող է մի քանի տարի պահանջվել՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, հայտնում է New York Post-ը։
Նրա գնահատմամբ՝ առաջիկա ընտրական փուլերը լուրջ խոչընդոտներ կստեղծեն հանրապետականների համար։
«Եթե դիտարկենք 2028 թվականը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները, ապա ընտրատարածքների ներկայիս դասավորության պայմաններում հանրապետականները չեն կարողանա ընդամենը երկու տարի անց վերականգնել Սենատի նկատմամբ վերահսկողությունը։ Իսկ հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատում տեղերի արդեն իսկ ձևավորված բաշխումը՝ հավանաբար այնտեղ ևս մեծամասնությունը վերականգնելու իրական հնարավորություններ չենք ունենա»,- ասել է Դեսանտիսը չորեքշաբթի՝ դեմոկրատների համոզիչ հաղթանակի հաջորդ օրը։
Միջանկյալ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները հաջողության են հասել մրցակցային ընտրատարածքների և նահանգների մեծ մասում, որտեղ քվեարկության ելքը նախապես կանխորոշված չէր։ Կուսակցությանը հաջողվել է նաև գործող հանրապետական կոնգրեսականներից մանդատներ խլել ավանդաբար հանրապետականներին աջակցող նահանգներում։
Դեսանտիսը նախազգուշացրել է, որ պարտության հետևանքները կարող են զգացվել մի քանի ընտրական փուլերի ընթացքում։
«Սա իսկապես կազդի իրավիճակի վրա առաջիկա երկու, չորս, վեց տարիներին, իսկ գուցե նաև ավելի երկար։ Հանրապետականներին կարող է այդքան ժամանակ պահանջվել, մինչև նրանք կրկին կարողանան Վաշինգտոնում իշխանության նկատմամբ այնպիսի միանձնյա վերահսկողություն հաստատել, ինչպիսին մենք ունեինք վերջին երկու տարիներին»,- հավելել է Ֆլորիդայի նահանգապետը։