Իմփիչմենթի գաղափարն ի սկզբանե մեռելածին է եղել. Հայկ Կոնջորյան


Մենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման նախընտրական քարոզարշավի համար ենք մեկնում մարզեր, վարչապետի գլխավորությամբ, բայց  նաև քաղաքացիների հետ շփմամբ ենք համադրում մեր այցերը: Կարծում եմ, որ այդ քննադատությունը տեղին չէ միայն այն պատճառով, օրինակ՝ վարչապետը շատ հաճախ լինում է մարզերում, շփվում է քաղաքացիների հետ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե կուսակցությունը հունիսին կայանալիք խորհդարանական ընտրություններին ընդառաջ զբաղվում է քարոզչությամբ:


«Մենք որպես խմբակցություն տարբեր այցեր ենք ունենում մարզեր, գործադիրի ներկայացուցիչներն են տարբեր այցեր ունենում, և դրանք բոլորը հրապարակային են: Եթե մենք կամ վարչապետը 5 տարի չգնայինք մարզեր, գուցե քննադատությունները տրամաբանություն կունենային, բայց այդ քննադատությունները որևէ հիմք իրենց ներքո չունեն, որովհետև դա մեզ համար աշխատելաոճ է»,- ասաց պատգամավորը:


Նրա խոսքով՝ իրենք մարզեր են գնում, որովհետև ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված կառավարող ուժ են: 


Ինչ վերաբերում է կուսակցության՝ իբրև ցածր վարկանիշին, Կոնջորյանը նշեց՝ հարցումներ եղել են, և առաջիկայում տվյալները կհրապարակվեն:


«Դուք կհամոզվեք, որ մեր՝ որպես կառավարող ուժի, մեզանից հաջորդ՝ եկող ընդդիմադիր ուժերից մի քանի անգամ բարձր է մեր վարկանիշը: Մենք մեր ժողովրդի հետ մշտապես կապի մեջ ենք»,- նշեց նա:


Պատասխանելով հարցին՝ որն է առաջին ընդդիմադիր ուժը, Կոնջորյանն ասաց՝ ռուսաստանցի գործարարի (Սամվել Կարաօետյան) նոր ձևավորվող ուժը ընդդիմության մեջ առաջ է անցել: 


«Ռոբերտ Քոչարյանի ուժը շատ դժվար տվայտանքների մեջ է, որովհետև շատ մեծ է ռիսկը, որ ըստ այդ հարցումների՝ մնա նշաձողի տակ և չկարողանա անցնել խորհրդարան: Օրինակ՝ Հանրապետականը, որը հայտարարում է, որ սկսում է փողոցային պայքար, ինչու է դա հայտարարում: Որովհետև շատ լավ գիտի, որ մասնակցի, հազիվ 1 տոկոս էլ չհավաքի և վերջնականապես չխայտառակվելու համար որոշում են գնալ փողոցային պայքարի»,- ասաց նա:


Ճշտող հարցին՝ իմփիչմենթի նպատակը դա՞ էր, ասաց՝ իմփիչմենթի գաղափարն ի սկզբանե մեռելածին գաղափար է եղել:


Այն, ըստ Կոնջորյանի, ավելի շատ եղել է ընդդիմության ներսում իրարից հաշիվ պահանջելու բան:


«Ուղղակի ծիծաղելի է, որովհետև ակնհայտ է, որ խորհրդարանում կառավարող ուժն ունի բացարձակ մեծամասնություն, և իմփիչմենթի որդիսականը հյուսել և ասել, որ հեսա մենք կգնանք և իմփիչմենթ կանենք, պարզապես դոնկիխոտություն է»,- նշեց Կոնջորյանը: 

Leave a comment