Քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը, որը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել և որակական նոր մակարդակ է գրանցել։ Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության խորացման և առկա կապերի ամրապնդման շուրջ։ Այս տեսանկյունից կարևորվել են փոխայցերն ու փորձի փոխանակումը։

Անդրադարձ է եղել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությանը։ Այս համատեքստում արժևորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական և աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment