Նոյեմբերի 4-10-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող փառատոնին կմասնակցեն Հայաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Հունգարիայի և Ռումինիայի թատերախմբերը։
Ներկայացումները կանցկացվեն Երևանի տարբեր թատրոններում։ Փառատոնը կբացվի Շեքսպիրի «Համլետ» ներկայացմամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև միջազգային քննարկում՝ նվիրված Շեքսպիրի ստեղծագործությունների արդիականությանը և ժամանակակից բեմադրություններին։
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
Երևանում շեքսպիրյան օրեր են. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 4-10-ը կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։
Այս կապակցությամբ Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, փառատոնի տնօրեն Կարո Բալյանը, Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Անդրեյ Վասիլևը, Հայ-շեքսպիրյան միության նախագահ Հասմիկ Սեյմորը, Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Խաչատրյանը:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանում իրականացվող գրեթե բոլոր կարևորագույն փառատոնների կողքին է, և արդեն 18 տարի՝ նաև Շեքսպիրյան փառատոնի, որն ուրույն դիմագիծ է մեր մշակութային կյանքում: Փառատոնը շարունակում է պահել այն բարձր նշաձողը, ինչ ուներ 18 տարի առաջ»,- ասել է Տիգրան Վիրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանին և Կարո Բալյանին՝ փառատոնի ստեղծագործական առաջընթացի և շարունակականության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փառատոնը կարևորել է ոչ միայն ներկայացումների բեմադրման, այլև առանձին թատերական միջավայրերի ձևավորման, համագործակցության նոր շրջանակների ստեղծման առումով: Նա հույս է հայտնել, որ փառատոնը տարեցտարի կընդլայնի սահմանները՝ նաև հատելով Երևանի սահմանները:
Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի տարբեր թատերական հարթակներում կներկայացվեն Մոլդովայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Հայաստանի թատերախմբերի բեմադրությունները։
Փառատոնի տնօրեն Կարո Բալյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ աջակցության և բոլոր գործընկերներին՝ թատրոնի կողքին լինելու համար: «Այս տարի փառատոնի պատմության մեջ առաջին անգամ հայկական թատրոններն ավելի շատ են, քան հրավիրվող կողմերը»,- իրազեկել է Կարո Բալյանը: Փառատոնի ներկայացումները կանցկացվեն Երևանի տարբեր թատերական հարթակներում՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, Երևանի կամերային թատրոնում, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Փառատոնի նպատակն է կամուրջներ ստեղծել թատրոնների և թատրոնի մարդկանց միջև՝ ձևավորելով համագործակցության հարթակներ, փորձի փոխանակման հնարավորություններ:
Փառատոնի շրջանակում Հայ-շեքսպիրյան միության հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա կլոր սեղան քննարկում՝ «Ինչո՞ւ Շեքսպիր բեմադրել արդի ժամանակներում» խորագրով։ Այս մասին իրազեկել է միության նախագահ Հասմիկ Սեյմորը: Ըստ նրա՝ քննարկմանը կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող շեքսպիրագետներ, թատերական ռեժիսորներ և մշակութային գործիչներ, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Մոլդովայից ժամանած հյուրեր, ինչպես նաև Շեքսպիրյան ասոցիացիաների նախագահներ և Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն Շեքսպիրի ստեղծագործությունների արդիականությունը, դասական երկերի ժամանակակից բեմադրությունների առանձնահատկություններն ու մեկնաբանման տարբեր մոտեցումները, ինչպես նաև միջազգային թատերական համագործակցության հեռանկարները։
Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Անդրեյ Վասիլևը բարձր է գնահատել փառատոնի անցկացումը և տեղեկացրել, որ արդեն իսկ քննարկվում են համագործակցության հնարավորությունները:
Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Խաչատրյանը հայտնել է, որ փառատոնի բացումը կկայանա Շեքսպիրի «Համլետ» ներկայացմամբ: Նա կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրում բացի Շեքսպիրից, նաև այլ դասականներ են ներառված, որոնք հնարավորություն են տալիս՝ տեսնելու բեմադրիչի և ստեղծագործական կազմի հասունությունը, վերաբերմունքը անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ։