Մեկ շաբաթում՝ 10 կեղծ տեսանյութ Հայաստանի մասին. մանիպուլյացիաներ՝ հեղինակավոր մեդիայի անվան տակ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

X հարթակում տարածվում է կեղծ տեսանյութ, որում պնդում է արվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայացրել է «Իսլամի պաշտպանության մասին» օրենք, որով քրեականացվում է Մուհամեդ մարգարեի հասցեին քննադատությունը։ Մեկ այլ տեսանյութում ասվում է, թե 2025-ի նոյեմբերից ադրբեջանցի գործարարները դարձել են Հայաստանի խոշոր ընկերությունների բաժնետերեր՝ վերահսկելով բիզնեսի ավելի քան կեսը։

Փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում X հարթակում պատահական հաշիվներից տարածվել է առնվազն 10 նման տեսանյութ՝ աղմկահարույց և մանիպուլյատիվ պնդումներով, որոնք թիրախավորում են Հայաստանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

X-ում տարածված կեղծ տեսանյութերից մեկը

Տեսանյութերում օգտագործվում են CNN, Reuters, Bloomberg, Euronews, Le Point և այլ հեղինակավոր լրատվամիջոցների տարբերանշանները՝ ստեղծելով տպավորություն, թե տվյալները հրապարակվել են այդ աղբյուրների կողմից։ Սակայն նշված մեդիաներից և ոչ մեկը նման բովանդակությամբ հրապարակում չի արել։

Կեղծ պնդումներ՝ միջազգային մեդիայի տարբերանշաններով

Տեսանյութերը պատրաստված են սոցցանցերին բնորոշ արագ և դինամիկ ձևաչափով՝ կարճ կադրեր, դրամատիկ երաժշտություն, անգլերեն ենթագրեր, իսկ որոշ դեպքերում օգտագործվում է արհեստական բանականությամբ ստեղծված ձայնային մեկնաբանություն։ Դրանց առանցքային նարատիվն այն է, թե Հայաստանը գտնվում է «արտաքին կառավարման» ներքո, իսկ երկրի արժեքներն ու ինքնիշխանությունը զիջվում են հարևան երկրներին։ Այս թեզի շուրջ կառուցված են տարբեր կեղծ պնդումներ։

Օրինակ՝ փետրվարի 25-ին տարածաված տեսանյութերից մեկը պնդում է, թե 2028-ին Հայաստանի դպրոցները կստանան նոր պատմության դասագրքեր, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի թիվը նվազեցվելու է 40%-ով։ Տեսանյութը «Արմենպրես» պետական գործակալության տարբերանշանով է։ Դրանում նույնիսկ հորինված մեջբերում կա վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի անունից։

«Այո, ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց պետք է ընդունենք, որ զոհերը շատ ավելի քիչ են եղել, քան ընդհանրապես ենթադրվում էր»,- ասվում է կեղծ մեջբերման մեջ։ Սակայն «Արմենպրես»-ը նման տեղեկություն չի հրապարակել, իսկ Նազելի Բաղդասարյանը նման հայտարարություն չի արել։

Մեկ այլ տեսանյութ, Reuters-ի տարբերանշանով, պնդում է, թե 2025-ի նոյեմբերից ի վեր ադրբեջանցի գործարարները դարձել են հայկական խոշոր ընկերությունների բաժնետեր։ CivilNetCheck-ը ուսումնասիրել է Հայաստանի իրավաբանական անձանց պետական էլեկտրոնային ռեգիստրը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի քաղաքացիներ կամ ադրբեջանական ընկերություններ չեն ներգրավվել որևէ հայկական բիզնեսում որպես սեփականատեր կամ բաժնետեր։ Reuters-ը ևս նման տեղեկություն չի հրապարակել։

Մեկ այլ տեսանյութում ներկայացվում է, թե Փաշինյանի նոր օրինագծով Հայաստանի տարրական դպրոցներում պարտադիր կդառնա իսլամի հիմունքների ուսուցումը, իսկ Մուհամեդ մարգարեին վիրավորելը կսահմանվի որպես ծանր հանցագործություն։ Նշվում է նաև, թե նախագիծը կընդունվի առաջիկա շաբաթներին։ Մինչդեռ, կառավարությունը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել, նման քննարկումներ չեն անցկացվել։

Politico-ի տարբերանշանով տարածվող տեսանյութում պնդվում է, թե Eurostat-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հետևանքով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է ռեկորդային անկման։ Սակայն Politico-ն նման հոդված չի հրապարակել, իսկ Eurostat-ը նման հետազոտություն չի իրականացրել։ Վերջինս Եվրամիության վիճակագրական մարմին է և չի անցկացնում առանձին երկրների ղեկավարների քաղաքական վարկանիշի հարցումներ։ Մեկ այլ տեսանյութում՝ այս անգամ Bloomberg-ի տարբերանշանով, ներկայացվում է, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցից հետո Հանրապետական կուսակցությունը կորցրել է ավելի քան մեկ միլիոն հայազգի ընտրող։ Սակայն ո՛չ Bloomberg-ը, ո՛չ ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոն նման տեղեկություն չեն հրապարակել։

Euronews-ի տարբերանշանով տեսանյութում ասվում է, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը մոբիլիզացնում է հազարավոր պետական ծառայողների՝ ընտրական առավելություն ստանալու նպատակով։ Politico-ի տարբերանշանով մեկ այլ տեսանյութում պնդվում է, թե Փաշինյանը ճնշում է հայաստանյան խոշոր գործարարներին՝ պահանջելով ֆինանսավորել իր ընտրարշավը, և ներկայացվում է իբր ֆրանսիացի քաղաքագետ Օլիվիե Ռուային վերագրված հայտարարություն ընտրությունները կեղծելու ծրագրի մասին։ Ֆրանսիական Le Point-ի տարբերանշանով տարածվող մեկ այլ տեսանյութում էլ ասվում է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ավելի քան 70 տոկոսը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ CNN Turk-ի տարբերանշանով տեսանյութում էլ պնդվում է, թե Ջեյ Դի Վենսը «քարտ բլանշ է» տվել Փաշինյանին՝ Հայ առաքելական եկեղեցին ճնշելու համար։  

Նշված լրատվամիջոցներից և ոչ մեկը նման հրապարակումներ չի արել, իսկ ներկայացված պնդումները չեն ուղեկցվում որևէ փաստական ապացույցով կամ ստուգելի աղբյուրով։

Ավելին, հրապարակումներից մեկում թիրախավորվում է նաև Աննա Հակոբյանը. նրան սիրավեպ է վերագրվում թուրք դերասանի հետ։ Որպես «ապացույց» ներկայացվում է նրանց իբր համատեղ լուսանկարը Դուբայի Բուրջ Խալիֆայի ֆոնին։ Սակայն լուսանկարը մոնտաժված է․ օգտագործվել է Աննա Հակոբյանի այլ լուսանկար, որը թվային եղանակով միացվել է դերասանի պատկերին։

Ձախից՝ Աննա Հակոբյանի բնօրինակ լուսանկարը, աջից՝ մոնտաժված տարբերակը, որին ավելացվել է թուրք դերասանի պատկերը

Համաժամանակյա տարածում և կեղծ օգտահաշիվներ

Տեսանյութերը X-ում տարածվել են կեղծ, հաճախ որևէ ակտիվություն չունեցող օգտահաշիվներով (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,10), որոնք մեծամասամբ հրապարակում են ժամանցային և ոչ քաղաքական բովանդակություն։ Դրանք առաջին հայացքից փոխկապակցված չեն և որևէ կապ չունեն Հայաստանի հետ։ 

Սակայն ուշագրավ է նաև ժամանակագրությունը․ առնվազն 10 տեսանյութից 8-ը հրապարակվել են փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում։ Տեսանյութերին կից նշվում են (tag) միջազգային լրատվամիջոցներ՝ փորձելով գրավել նրանց ուշադրությունը և նյութերին լրացուցիչ տեսանելիություն ապահովել։

Միջազգային հետազոտողները նման արշավները նկարագրում են որպես մի քանի ապատեղեկատվական մոդելների համակցություն։ Սկանդալային և երբեմն ԱԲ-ով մոնտաժված բովանդակության ստեղծումը կապվում է Storm-1516 անվամբ նկարագրված ցանցի հետ,  հեղինակավոր մեդիայի ձևաչափի և տարբերանշանների նմանակման արշավները՝ Դոփլգենգեր (Doppelgänger) անվամբ, իսկ բոտային կամ ցածր ակտիվությամբ հաշիվների միջոցով համաժամանակյա տարածման և իրական լրատվամիջոցներին նշելու մեխանիզմը՝ Մատրյոշկա (Matryoshka) մոդելով։

Այսպիսով, փետրվարի 20-ից մարտի 1-ը X հարթակում տարածված տեսանյութերը ներկայացնում են համակարգված ապատեղեկատվական արշավի հատկանիշներ՝ կեղծ բովանդակության ստեղծում, հեղինակավոր մեդիայի տարբերանշանների օգտագործում և համաժամանակյա տարածում բոտերի միջոցով։ Ներկայացված պնդումները չեն հիմնավորվում որևէ փաստական աղբյուրով և չեն համապատասխանում իրականությանը։

Կարդացեք նաև՝ «Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր»

The post Մեկ շաբաթում՝ 10 կեղծ տեսանյութ Հայաստանի մասին. մանիպուլյացիաներ՝ հեղինակավոր մեդիայի անվան տակ appeared first on CIVILNET.

Leave a comment