Ցանկացած հասարակությունում, հատկապես ոչ բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում, կա մի լյումպեն զանգված, որը չի սիրում մեծահարուստներին, չի սիրում կայացած ու հաջողության հասած մարդկանց։ Այդ զանգվածի պատկերացումներում իրենց վատ ապրելու պատճառը հենց այդ մարդիկ են։ Ու թեպետ այդ շերտի ներկայացուցիչները երբեք որևէ արդյունքի չեն հասնելու, սակայն նրանց մխիթարում է մեկ ուրիշ անկումն ու ունեզրկումը։
Ահա հենց այդ ստորին բնազնդների վրա էլ Նիկոլ Փաշինյանը կառուցում է իր խոսքը, երբ հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը կպետականացնի։ Երբ նրա խոսքին հետևում է հավաքվածների ծափահարությունները, դա լավագույնս ապացուցում է, որ տվյալ պահին ծափահարողների սրտներին «հովացում» է տրված։ Նրանց ամենևին չի հետաքրքրում, որ ունեզրկման ցանկացած քայլ հանգեցնում է տնտեսության որոշակի փլուզմանը, նրանց ամենևին չի հետաքրքրում, որ «պետականացման» անվան տակ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, նրանց նույնիսկ չի հետաքրքրում, որ Ծառուկյանից խլելով ունեցվածքը, իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու, ընդամենը հարստանալու է Փաշինյանի շրջապատից որևէ մեկը։ Այդ զանգվածի համար կարևորը մեկ այլ մարդու վնասն է։
Ալեքսանդր Դյումայի վեպում Կոմս Մոնտե Քրիստոն մահապատժի տեսարանի ժամանակ դիմելով Ալբերին ասում է. «Երկու ոչխար տարեք մորթելու ու նրանցից մեկին հասկացրեք, որ իր ընկերը փրկված է, ոչխարը ուրախությունից կմայի։ Երկու կով տարեք մորթելու ու նրանցից մեկին հասկացրեք, որ իր ընկերը փրկված է, մորթվող կովն ուրախությունից կբառաչի։ Իսկ հիմա այս երկու մահապարտներից մեկն իրեն պատեպատ է տալիս, քանի որ իմացավ, որ իր հետ մահապատժի ենթարկվող ընկերոջը ներում է շնորհված, նա ըմբոստացել է այդ փաստի դեմ։ Նա հնազանդվել էր ճակատագրին ու գնում էր մահվան, քանի որ ինքը միայնակ չէր մեռնելու։ Այդպիսինն է մարդը»։
Գրեթե նույն բնազդներով են առաջնորդվում նաև այլոց ունեզրկմանը ծափահարող մարդիկ։ Նրանք ուրախություն են գտնում, որ ինչ-որ մեկը պետք է կորցնի իր միջոցները, նրանք մխիթարվում են, քանի որ նրանք ատում են ոչ թե հարստությունը, այլ հարուստին։ Ատում են ու նախանձում։
Սակայն Նիկոլ Փաշինյանը հենվելով ստորին բնազդների վրա, ցանում է «կուլակաթափության» սերմերը։ Եթե Աստված մի արասցե, այդ սերմերը ծիլեր տան, ապա լյումպեն զանգվածին չի հետաքրքրելու թե ով է հարստացել օրինական ճանապարհով, ով՝ ոչ։ «Կուլակաթափության» ալիքը սրբելու է բոլորին, ով տիրապետում է քիչ թե շատ ունեցվածքի, ով ունի բարեկեցություն, նույնիսկ նրանց, ով ունի վայելուչ արտաքին։
Նիկոլ Փաշինյանն առանց որևէ անուն տալու, իրեն նույնացնում է Լենինի հետ, որը խորացրեց դասակարգային թշնամանքը ու ստանձնելով պետության ղեկը, բանվորագյուղացիական դասակարգը հռչակեց իշխանություն (Խորհրդային Միությունում իշխանությունը պատկանում էր բանվորագյուղացիական դասակարգին)։ Իհարկե իրականում այդ մարդկանց կյանքում ոչինչ չփոխվեց, նույնիսկ ավելին, տարբեր պատճառներով նրանցից շատերն աքսորվեցին Սիբիր, սակայն պետության ղեկին գտնվող Կոմունիստական կուսակցության վերնախավը վայելեց այն ունեցվածքը, որն իբր «վերադարձվել» էր ժողովրդին։
Կարեն Կարապետյան