Ո՞վ է ամենաշատ ձայներ հավաքած գյումրեցի ՔՊ-ականը․ քանի՞ քվե են ստացել Շիրակի մարզպետն ու վարչապետի տիկնոջ ազգականը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային 276 հոգանոց ցուցակում Շիրակի մարզից, մեծամասամբ՝ Գյումրիից, բավական մեծ թվով կուսակցականներ էին ընդգրկվել, որոնցից շատերը, նույնիսկ իրենց իսկ ծննդավայրում չճանաչված դեմքեր լինելով, 2026-ի խորհրդարանական ընտրություններում հավակնում էին դառնալ պատգամավորի թեկնածու։

ՔՊ-ի թեկնածուների ընտրության առաջին փուլն ավարտված է, պարզ է արդեն, թե  Շիրակի մարզից ով որ տեղն է գրավել և ինչ վարկանիշ ունի հենց իր կուսակցության ներսում։

Ամենաշատ ձայներ ստացել է վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը, նա գրավում է ցուցակի 29-րդ տեղը, ստացել է 400 ձայն։

ՔՊ-ում բավական մեծ վարկանիշ ունի նաև Սարիկ Մինասյանը, Նազելի Բաղդասարյանից հետո ձայների քանակով երկրորդ գյումրեցի ՔՊ-ական է․ ստացել է 309 քվե՝ զբաղեցնելով 41-րդ տեղը։

Նկատենք, որ Սարիկ Մինասյանը նորաթուխ՝ մեկ տարվա ՔՊ-ական է, նա այս կուսակցության կողմից մասնակցեց «փրայմերիզի»՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվելով Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համախմբման արդյունքում քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը։

Նշենք, որ Սարիկ Մինասյանը Գյումու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է, նա այս պահին զբաղեցնում է ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։

Ինչպես ցույց է տալիս  ՔՊ-ական պատվիրակների քվեարկությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեծ վարկանիշ ունի Քնարիկ Հարությունյանը։ Նա ՔՊԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղարը, ակտիվ ավագանու անդամ է․ հավաքել է 298 ձայն՝ զբաղեցնելով 45-րդ տեղը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը 224 ձայն է հավաքել՝ զբաղեցնելով 67-րդ տեղը։

Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ներկայումս ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պապիկյանը, որը ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է, 139 ձայն է հավաքել՝ հայտնվելով ցուցակի 112-րդ տեղում։

Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանը իր ձայներով զիջում է նրան, նա 135 քվե է ստացել՝ զբաղեցնելով ցուցակի 114-րդ համարը։

Գյումրու ավագանու անդամ Էմմա Բարսեղյանը, որը ներկայումս «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցնում, ստացել է ընդամենը 96 ձայն՝ զբաղեցնելով ցուցակի 148-րդ տեղը։

Հասմիկ Նավոյանը, որն Ախուրյան համայնքի ղեկավարի օգնականն է, ստացել է 75 ձայն՝ զբաղեցնելով 182-րդ տեղը։

Շատ ավելի քիչ ձայն է հավաքել համացանցում ՔՊ-ի ամենաշատ գովազդ անող Գյումրու ավագանու երիտասարդ անդամ Լևոն Անանյանը, որը զբաղեցնում է «Գյումրիի Սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ Նա ստացել է 70 ձայն՝ զբաղեցնելով ցուցակի 186-րդ տեղը։

Շավարշ Արամյանը, որը ևս Գյումրու ավագանու անդամ է, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանի ծառայության պետն է, ստացել է ընդամենը 67 ձայն՝ հայտնվելով ցուցակի 192-րդ տեղում։

Նրան հավասար ձայներ է հավաքել Վասյա Արշակյանը, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության  մասնաճյուղի տնօրենն է։

Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, որը եղել է Գյումրիի փոխքաղաքապետ,  այժմ Գյումրու ավագանու անդամ է, ներկայումս զբաղեցնում է այս քաղաքի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը, ստացել է 66 ձայն՝ զբաղեցնելով ցուցակի 197-րդ համարը։

Շիրակի մարզպետի նախկին խորհրդական,Գյումրիի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մուրադյանը ստացել է 63 ձայն՝ զբաղեցնելով ցուցակի 202-րդ տեղը։

Նարեկ Բեգզադյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, այժմ զբաղեցնում է «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի» փոխտնօրենի պաշտոնը,  44  ձայն է ստացել՝ հայտնվելով ցուցակի 238-րդ տեղում։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության մեկ այլ անդամ էլ՝ Էդգար Բաղդասարյանը, ստացել է 40 ձայն՝ զբաղեցնելով 243-րդ տեղը։

Աստղիկ Բեյբուտյանը, որը նույնպես Գյումրու ավագանու անդամ է, Գյումրու Անի թաղամասում գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի» տնօրենն է, 40 ձայն է ստացել՝ զբաղեցնելով 244-րդ տեղը։

Գայանե Ղուկասյանը Գյումրու «Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի» տնօրենն է, ստացել է 34 ձայն՝ զբաղեցնելով 255-րդ տեղը։

Կարեն Խաչատրյանը, որը նույնպես պաշտոնի է անցել բուժհաստատություններից մեկում, ստացել է ընդամենը 29 ձայն՝ զբաղեցնելով 266-րդ տեղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment