Աբսուրդի ժանրից է, երբ մարդը երկու ամիս ինտենսիվ պատիժ է կրել միայն նրա համար, որ ֆեյսբուքում գրառումներ է արել, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Սա այն դեպքում, երբ բոլորը տեսնում են, թե Հայաստանի իշխանության ղեկին հայտնվածներն ինչ բառամթերքով են խոսում, անձը վիրավորող ինչպիսի վիրավորումներով են խոսում քաղաքացիների մասին։ Եվրոպական կառույցների լռությունը, հատկապես ՀՀ գործող իշխանությունների եվրոպական տերերի, մասնավորապես՝ Էմանուել Մակրոնի և նրա ղեկավարած եվրոպական բանդայի մոտեցումներն իրենց արժանի տեղն են ունենալու մեր հասարակական կյանքում, մեդիաների աշխատանքում ու մեր պատմության մեջ»,-ասաց Հակոբյանը։
Նա նշեց, թե Մակրոնն Արցախը հանձնելու կնքահայրն է և ամեն ինչ անում է, որպեսզի այսօր եվրոպական շրջանակները լռեն Հայաստանում տիրող իրավական այլանդակությունների մասին։
«Ես 42 տարեկան եմ, մասնագիտությամբ պատմաբան, գիտությունների թեկնածու եմ դարձել 23 տարեկանում, դրանով զբաղվել եմ ամբողջ կյանքում և Աստված ինձ ինչքան կյանք տվել է՝ այդքան էլ շարունակելու եմ զբաղվել։ Եվ ես խոստանում եմ, որ Մակրոնը հայ ժողովրդի պատմության մեջ և համաշխարհային պատմության մեջ հայերի հետ կապված վերաբերմունքում մնալու է այնպիսի իրավիճակում, ինչպես մնացել է Կայզեր Վիլհելմը կամ Էնվեր Փաշան։ Նա հայերի, հայկական շահերի դահիճ է։ Սրանում ես անձամբ հետամուտ եմ լինելու ամբողջ կյանքի ընթացքում»,-ասաց Միհրան Հակոբյանը։
Նա նշեց, թե եվրոպական կառույցների այսօրվա լռությունը Հայաստանում տիրող «բեսպրեդելի», այլանդակությունների վերաբերյալ պայմանավորված է միայն նրանով, որ Էմանուել Մակրոնը որոշել է Հայաստանում իշխանության պահել Նիկոլ Փաշինյանին։
«Սրա համար Ֆրանսիան, ֆրանսիական արևելյան քաղաքականությունն անպայման պատասխան են տալու։ Հայ ժողովուրդը չի մոռանալու, թե 100 տարի առաջ ֆրանսիացիներն ինչ են արել Կիլիկիայում, այնպես էլ չի մոռանալու, թե ինչ է արել Մակրոնն Արցախի հետ և ինչ է անում Հայաստանի քաղաքացիների հետ»։