Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար

Քաղաքականություն

25.11.2026 | 15:32

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան գործընթացին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Բաքվում  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք աջակցում ենք վաշինգտոնյան գործընթացին և ուշադիր հետևում ենք վերջին զարգացումներին։ Հույս ունենք, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության ապահովմամբ»,- նշել է նախարարը։

Նա հավելել է, որ Լիտվան պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղ գործընթացում. «Մենք շահագրգռված ենք մեր փորձը կիսել Ադրբեջանի հետ։ Մենք նաև ներդրում ունենք ականազերծման գործընթացում»։

Բուդրիսն ընդգծել է՝ խաղաղության համաձայնագրի կնքումն առավել բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանային տարբեր նախագծերի իրականացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։

«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ և գործընկերության զարգացմամբ։ Լիտվան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացում, աջակցել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և կիսվել իր փորձով»,- ասել է լիտվացի նախարարը։

Leave a comment