Գերմանիայի Քել քաղաքում բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն ընտանիքի հինգ անդամների մարմինները։ Քննչական մարմինների և Օֆենբուրգի ոստիկանության վարչության համատեղ հայտարարությունից հետևում է, որ ընտանիքի անդամների թվում կան Հայաստանի քաղաքացիներ։
Հայտարարության համաձայն՝ երկու վիրավոր երեխաների՝ 12-ամյա տղայի և 11-ամյա աղջկա առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ընտանիքի մայրը ողբերգության պահին բնակարանում չի եղել։
Հինգ զոհերը մեկ ընտանիքի անդամների մի մասն են՝ 46-ամյա հայրը, 74-ամյա տատիկը, 10 և 13 տարեկան երկու աղջիկները, ինչպես նաև 14-ամյա տղան։ Բոլոր հինգի մարմինները կտեղափոխվեն դատաբժշկական փորձաքննության կենտրոն, որտեղ կկատարվի դիահերձում։
Դատական փորձագետները մինչև ուշ երեկո աշխատել են դեպքի վայրում՝ հավաքելով և ամրագրելով ապացույցները, ինչպես նաև կատարելով բնակարանում գտնվող մարմինների զննումը։ Մահվան պատճառների պարզման ուղղությամբ աշխատանքները երեքշաբթի շարունակվելու են նաև փորձագետի ներգրավմամբ։
Հաղորդվում է, որ փրկված երկու ծանր վիրավոր երեխաներին՝ տղային և աղջկան, շտապօգնության ուղղաթիռներով տեղափոխել են մասնագիտացված կլինիկաներ, այդ թվում՝ Ֆրանսիա։
Մահացած 46-ամյա հայրը Գերմանիայի քաղաքացի էր։ Զոհերի թվում է նաև նրա 74-ամյա մայրը, որը նույնպես Գերմանիայի քաղաքացի էր։
Մահացած երեք երեխաներից երկուսը աղջիկ էին, մեկը՝ տղա։ Ընտանիքի երեխաները 10-14 տարեկան են և ունեցել են Գերմանիայի ու Հայաստանի երկքաղաքացիություն։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են տուն, երբ երեխաները դպրոց չեն ներկայացել: Դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնաբերել են գազի արտահոսքի նշաններ։ Բնակարան մուտք գործելու ընթացքում գազի ազդեցության հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության մեկ աշխատակից և դեպքի ականատես մի կին։ Նրանք բուժօգնություն են ստանում հիվանդանոցում։ Բազմաբնակարան շենքի մյուս բնակիչներին աջակցություն է ցուցաբերվում։ Նրանց շրջանում այս պահին այլ տուժածներ չեն հայտնաբերվել։
Դեպքի հիմնական վարկածը գազի արտահոսքն է, սակայն հետաքննության ընթացքում պետք է պարզվի՝ պատճառը տեխնիկական անսարքությո՞ւնն է, թե՞ հանցագործություն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի