Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառմանն այսօր ներկա էին նաև «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները։
«Մեր խոնարհումը բերեցինք հերոսին, որը դարձավ Արցախի ազատագրական պայքարի, հայ զինվորի խիզախության, արժանապատվության ու անկոտրում կամքի հավաքական խորհրդանիշը։
Հայաստանում այսօր փորձում են արժեզրկել այդ ամենը՝ նսեմացնելով կամ մոռացության մատնելով Արցախյան ազատամարտի հերոսներին, նրանց անուններն ու գործը, ինչը պարզապես պատմության վերաշարադրում չէ, այլ հիշողության ջնջում, սեփական անցյալից հրաժարում։
Մենք՝ 44-օրյա պատերազմում մեր զավակներին կորցրած ծնողներս ու նրանց հարազատները, հատկապես լավ գիտենք, թե ինչ է նշանակում հիշողության դեմ պայքարը։ Մենք մեր մաշկի վրա ենք զգում, թե ինչ է նշանակում մոռացության մատնել ու արժեզրկել հայրենիքի համար կյանքը զոհաբերած մարդկանց։ Եվ հենց այդ պատճառով էլ Ավոյին ուրացողների մեջ մենք լինել չենք կարող։ Չէ՞ որ մեր տղաների հերոսությունը չի սկսվել և չի ավարտվել նրանցով. դա մի ամբողջ ժողովրդի պայքարի ու նվիրումի շարունակությունն է։
Այսօր շնորհավորում ենք մեր հերոսի ծննդյան օրը և խոստանում՝ մեր զավակների հիշատակի հետ վառ ենք պահելու նաև նրա անունն ու գործը։ Մենք չենք կարող լինել Ավոյին ու նրա զինակիցներին ուրացողների մեջ, որովհետև նրանց ուրանալը կնշանակի ուրանալ մեր սեփական զավակներին, նրանց հավատը, նրանց պայքարն ու զոհողությունը»,- ասվում է հաղորդագրությունում։