Փաշինյան․ Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը։ «Digitec 2026»-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը։

«Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը։ Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- ասաց նա։

Ռև Լեբարեդյանը, շարունակելով վարչապետի խոսքը, նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա ամրապնդել իր առավելություններն ու էներգիա ստանա բոլոր հնարավոր աղբյուրներից։

«Շատացնենք, ամրապնդենք և փոխկապակցված լինենք բոլորի հետ, ունենանք մատակարարման տարբեր աղբյուրներ, կունենանք ուժ, լծակ, կարևորություն ուրիշների համար, և մեր ձայնը կարող է մեր ապագայի համար վճռորոշ լինել։ Սա կենսական հանգամանք է։ Բոլորը, ովքեր քննադատում են մեր հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, պետք է հարցին այդ ռազմավարական մտածողությամբ մոտենան»,- ասաց Լեբարեդյանը։

Նրա խոսքով` փոխկապակցվածությունը, օրինակ՝ հարևաններից էներգիա գնելն ու նրանց արհեստական բանականություն վաճառելը, կարող են դառնալ մնայուն խաղաղության հիմք։

Փաշինյանը կրկնեց նախկինում ասած միտքը, թե իրական անկախություն կարելի է ունենալ, երբ մեկից կամ քչերից կախվածությունը վերափոխում ես շատերից կախվածության։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։

Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։

Sputnik Արմենիա

Leave a comment