Գույքային վեճեր, քրեական գործեր և նախագահի ընտրություն․ ինչ է կատարվում Նկարիչների միությունում

Մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) 21-րդ համագումարը: Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լևոն Աբրահամյանը և արվեստաբան Գայանե Իգիթյանը։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը համագումարի ժամանակ անդրադարձավ նկարիչների միության գույքին և դատական խնդիրներին: Նա ասաց, որ այս պահին վարչական դատարանում երկու գործ է քննվում, եւ եւս  երկու քրեական գործ, որոնցից մեկը կապված է շենքերի հետ:

Գործող նախագահ Սուրեն Սաֆարյանն իր ելույթում ասաց, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, և նախկինում ստեղծված իրավիճակի հետևանքները դեռևս ազդում են միության գործունեության վրա: «Այնուամենայնիվ, կարևոր է ոչ միայն հիշել, թե ինչ վիճակում էինք, այլև գնահատել, թե ինչ ճանապարհ ենք անցել և ինչ կարողացանք պահպանել և վերականգնել: Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ կարողացանք չընկրկել դժվարությունների առաջ, պահպանել միության կենսունակությունը և շարունակել մեր առաքելությունը»,- ասաց ՀՆՄ գործող նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Նա, ի թիվս այլնի,  անդրադարձավ մասնավորապես միությանը պատկանող քանդակի կոմբինատի խնդրին, կուտակված պարտքերին և իրավական խնդիրներին: Սուրեն Սաֆարյանը ներկայացրեց իր նախագահության շրջանում կատարված աշխատանքները: Ասաց, որ իրականացվել են արվեստագետների հանրահռչակման աշխատանքներ, վերանորոգումներ, միության աշխատանքը լայնորեն լուսաբանվել է: Նշեց, որ նկարիչների միության «Արվեստանոց» պարբերականում տպագրվում են միության անդամները, ինչպես նաև հրապարակումներ են արվում նրանց և ընդհանրապես մշակութային կյանքի մասին, միության ֆոնդը համալրվել է 86 հայ և արտասահմանցի հեղինակների ստեղծագործություններով:

Նա անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությանը: Ելույթի ավարտին Սուրեն Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց միության անդամներին՝ իր ղեկավարած 8 տարիների եւ վստահության համար, խնդրեց ներողամիտ գտնվել այն արվեստագետներին, ում ցուցահանդեսներին չի կարողացել անձամբ ներկա գտնվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment