Նիկոլ Փաշինյանի շրջանը փակվեց

Նիկոլ Փաշինյանը սպառված է։ Դա ակնառու է նրա նյարդային պոռթկումներից, որոնք, իհարկե, ոչ թե անկառավարելիության, այլ՝ անելանելիության վկայություն են։ Նա այլեւս ի վիճակի չէ ստեղծել որեւէ նոր կոնտենտ, քան այն, ինչ մինչ այժմ՝ «խաղաղություն» կամ դրա պատրանք, տպավորություն։ Իսկ այդ կոնտենտը առավելագույն էֆեկտիվությամբ աշխատեց, իսկ գուցե նաեւ՝ չաշխատեց հունիսի 7–ի ընտրությանը։ Ավելի շուտ չաշխատեց, որովհետեւ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին ոչ միայն ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, այլ անգամ չտվեց առանց աղաղակող մեքենայությունների եւ կեղծիքի ապահովել 3/5–րդ։

Օրինակ, նոր բան ստեղծելու անհնարինությունն է, որ Նիկոլ Փաշինյանը բանան է «կերտում», որպես կոնտենտ։ Այդպիսով, լուծումներ չկան, մարտահրավերները կան եւ ավելացել են, ու ավելանում են, իսկ որեւէ նոր կարողություն ձեւավորելու ռեսուրսը՝ սպառվում։ Ահա, թե ինչո՞ւ է սահմանադրական պրոցեսն առաջ տանելը նրա համար դառնում այդքան կարեւոր, հետեւաբար առաջանում այդպիսի պոռթկումների անհրաժեշտություն։ Դրանք անհրաժեշտ են, որովհետեւ մեղմ ասած՝ երաշխավորված չէ սահմանադրական պրոցեսի առաջմղումը, հետեւաբար պետք է արդեն այսօր՝ զուգահեռ իրականացնել քարոզարշավ։

Նիկոլ Փաշինյանի համար այդպիսով ստեղծվում է, ըստ էության, փակ շրջան։ Այդտեղ է նրա վարքագիծը թելադրող անելանելիությունը։ Եվ որքան նա ձգտում է գտնել այդ շրջանը ճեղքելու հնարավորություն, այդքան խորացնում է անելանելիությունը։ Ու որքան էլ հնչի տարօրինակ, Փաշինյանը թեկուզ բնազդային մակարդակում պատկերացնում է խնդիրը։ Նրա վարքը թերեւս հենց ենթագիտակցական մակարդակից եկող «դեսուբլիմացիոն» պրոցես է, որում նրա տագնապային էներգիան վերափոխվում է հակամշակույթի։ Այդ ֆոնին է հատկանշական, որ թեկուզ նույնիսկ քարոզչական խորամանկության մղումով, բայց նա սկսել է ավելի ու ավելի շատ տեսնել հեռանալուց խոսելու անհրաժեշտություն, կարիք։ Դա լոկ ընդդիմության գլխի տակ փափուկ բարձի հաշվարկ չէ, այլ նաեւ փակված ու սեղմվող շրջանից ելքի փնտրտուքի ու ինքնապահպանման բնազդի՝ առնվազն շշուկ։

 

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment