Համացանցի խնդրահարույց օգտագործումը սպառնում է առողջությանը

Համացանցի խնդրահարույց օգտագործումը սպառնում է առողջությանը

Համացանցի խնդրահարույց օգտագործումը դարձել է հանրային առողջապահության համաշխարհային լուրջ խնդիր, որը կարող է առնչվել աշխարհի բնակչության ավելի քան 10%-ին և զգալի վնաս հասցնել հասարակությանը, զգուշացնում են փորձագետները։

Համացանցի խնդրահարույց օգտագործումը (PUI) ընդգրկում է վարքագծի լայն շրջանակ՝ ներառյալ մոլեխաղերը, տեսախաղերը, պոռնոգրաֆիայի դիտումը, սոցիալական ցանցերի օգտագործումն ու առցանց գնումները։ Այդ զբաղմունքներն ինքնին վնասակար չեն, սակայն համարվում են «խնդրահարույց», երբ խանգարում են առօրյա կյանքին կամ հասնում բժշկական խանգարման մակարդակի, օրինակ՝ խաղային կախվածության։

The Lancet Psychiatry բժշկագիտական հանդեսում հրապարակված զեկույցում հանրային առողջապահության, հոգեբանության և պետական քաղաքականության ոլորտների փորձագետները հայտարարել են, որ կառավարությունները պետք է PUI-ը ճանաչեն որպես հանրային առողջապահության համաշխարհային խնդիր և կարգավորեն օգտատերերին առցանց պահող դիզայնի տարրերը, մասնավորապես՝ անվերջ սքրոլներն ու ավտոմատ նվագարկումը։

«Հանրային առողջապահության տեսանկյունից, թեև PUI-ին առնչվող վարքագծի բազմաթիվ ձևեր կարող են չհասնել կլինիկական ախտորոշման շեմին, միասին վերցրած՝ դրանք հանրային առողջապահության համար էական խնդիր են»,– գրել են հեղինակները, հաղորդում է Euronews-ը։

Զեկույցում նշվում է, որ ինտերնետի խնդրահարույց օգտագործում ունեցող մարդկանց շրջանում հաճախ առկա են նաև հոգեկան առողջության խանգարումներ, մասնավորապես՝ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ADHD), դեպրեսիան, տագնապային խանգարումները, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (OCD), քնի և սննդային վարքագծի խանգարումները, ինչպես նաև ինքնավնասումը և ինքնասպանության մտքերը կամ փորձերը։

Հեղինակները PUI-ը կապում են նաև միջանձնային ընդհարումների, միայնության, ընտանեկան անբարենպաստ պայմանների, ուսման առաջադիմության և աշխատանքի արդյունավետության անկման ու մասնագիտական այրման հետ։

Հեղինակների տվյալներով՝ առավել մեծ ռիսկի խմբում են երիտասարդները, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բնակիչներն ու հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ։ Միաժամանակ պարզ չէ՝ արդյոք PUI-ն ավելի տարածված է դառնում, թե պարզապես դրա հետևանքներն են ավելի լավ հասկացվում։

Թեև մոլախաղերը, խաղերն ու պոռնոգրաֆիան գոյություն են ունեցել համացանցից շատ առաջ, հեղինակները զգուշացնում են, որ թվային հարթակներն այդ գայթակղությունները մշտապես հասանելի են դարձնում և ունեն առանձնահատկություններ, որոնք կարող են կախվածություն առաջացնել, օրինակ՝ ալգորիթմների ճշգրտությունն ու իրական ժամանակում հետադարձ կապը։

Միայնությունը, ընտանեկան վատ հարաբերությունները և առցանց անցկացվող ժամանակի ավելացումը նույնպես կարող են նպաստել վնասակար վարքագծին։

Սակայն զեկույցում նշվում է, որ PUI-ը չի կարելի բացատրել միայն անհատական խոցելիությամբ․ այն նաև ձևավորվում և ուժեղանում է առցանց հարթակների ու ծառայությունների դիզայնի որոշակի առանձնահատկությունների, օրինակ՝ սոցիալական ցանցերի ալգորիթմների ազդեցությամբ։

Այս ոլորտում հետազոտությունները դեռ շարունակվում են, սակայն հեղինակները կարծում են, որ արդեն բավականաչափ տվյալներ կան պետական քաղաքականության մեջ «նախազգուշական սկզբունքի» կիրառումը հիմնավորելու համար։ Նրանք կոչ են արել PUI-ի պատճառած վնասների դեմ պայքարում կիրառել միջազգայնորեն համակարգված մոտեցում։

Կարգավորման ներկայիս մոտեցումները կարող են անբավարար լինել։ Ինչպես նշվում է զեկույցում, սոցիալական ցանցերի արգելքները, որոնք կենտրոնանում են, օրինակ, տարիքային սահմանափակումների վրա, պարտադիր չէ, որ անդրադառնան ինտերնետի հարկադրական օգտագործումը խրախուսող գործառույթներին, ինչպիսիք են անվերջ թերթելն ու push-ծանուցումները։

Հեղինակները կարծում են, որ պատասխանատվությունը պետք է կրեն առցանց հարթակները, ոչ թե առանձին օգտատերերը, և առաջարկում են նման արտադրանքների նկատմամբ կիրառել անվտանգության նույն չափանիշները, ինչ ծխախոտի, ալկոհոլի և մոլախաղերի նկատմամբ։

Leave a comment