Բրիտանական նավատորմը մտադիր է սովորական ձկնորսական նավերը վերածել սուզանավեր որսացողների
Նորվեգական Kongsberg Maritime ընկերությունը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի համար ներկայացրել է Arctic Hunter անանձնակազմ նավի նախագիծը, որը նախատեսված է Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում սուզանավերի որոնման համար։
Այն մշակվել է Thales UK ընկերության հետ համատեղ (հիդրոակուստիկա, կապ)՝ սովորական ձկնորսական նավի հիմքի վրա։ Անանձնակազմ տարբերակը հագեցած է ինքնավար նավարկության տեխնոլոգիաներով և սուզանավերի որոնման սենսորներով։ Նավերի անմիջական կառուցմամբ զբաղվելու է Balaena Maritime ընկերությունը։
Նավը նախատեսված է մինչև երկու ամիս տևողությամբ ինքնավար առաքելություններ կատարելու համար։ Դրա ապագա տեղակայման վայրը լինելու է բևեռային շրջագծից այն կողմ գտնվող հենակետը, հայտնում է «Техкулть»-ը։ Նավի նախագծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել դրա ակուստիկ ցածր նկատելիությանը՝ շարժիչի և պտուտակների աշխատանքի աղմուկի նվազեցման միջոցով։ Նավի վրա տեղադրվելու են սուզանավերի որոնման համար նախատեսված՝ քարշակվող ալեհավաքով հիդրոտեղորոշիչ և պաշտպանված կապի համակարգ։
Arctic Hunter-ն առաջարկվել է Թագավորական ռազմածովային ուժերի Type 92 ծրագրի համար, որը հիբրիդային նավատորմի հայեցակարգի մաս է կազմում։ Եթե նախագիծն ընդունվի սպառազինության մեջ, բրիտանական նավատորմը կկարողանա ընդլայնել ստորջրյա դիտարկման իր ցանցը՝ հատուկ սենսորներով հագեցած, առևտրային նավաշինության չափանիշներով կառուցված նավերի միջոցով։