Կենսաչափական համակարգի ներդրմամբ Հայաստանում մեկնարկած թվայնացման նոր դարաշրջանն իրականություն է․ դիմում ներկայացրած քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը։
Նոր կենսաչափական անձնագիրն ստացող քաղաքացիների առաջին տպավորությունները տարբեր են, բայց բոլորի խոսքում մեկ ընդհանուր շեշտադրում կա՝ նոր որակ, նոր ձևավորում և նոր հնարավորություններ։
Ոմանց գրավում է անձնագրի ժամանակակից տեսքն ու որակը, մյուսների համար կարևոր է փաստաթղթի հուսալիությունն ու անվտանգային բաղադրիչը։
Նոր սերնդի կենսաչափական անձնագիրը պարզապես նոր ձևաչափի անձնագիր չէ, այլ անվտանգության, հուսալիության և տեխնոլոգիական առաջընթացի նոր մակարդակ։
Անձնագրում ներդրված էլեկտրոնային չիպը պահպանում է քաղաքացու տվյալներն ու դեմքի թվային պատկերը՝ ապահովելով նույնականացման լրացուցիչ հնարավորություններ։
Իսկ բազմաշերտ պաշտպանական տարրերը բարձրացնում են դրա կեղծման անհնարինությունը։ Նոր համակարգի ներդրմամբ արդիականացվել է ոչ միայն փաստաթղթերի տրամադրման տեխնոլոգիան, այլև սպասարկման ամբողջ գործընթացը։
Այսպիսով, ծառայությունները դարձել են առավել հասանելի և ճկուն՝ քաղաքացիներին հնարավորություն տալով իրենց ժամանակացույցին հարմար ժամի ստանալ անհրաժեշտ ծառայություններն ու անցնել փաստաթղթավորման ընթացակարգերը։
Նոր կենսաչափական անձնագիրը՝ ՀՀ քաղաքացու ինքնության և պետականության միասնական խորհրդանիշն է՝ պաշտպանվածության ժամանակակից լուծումներով։
ՆԳՆ