2020–2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել դրանց տակ դրված իր ստորագրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, անշուշտ, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», — հայտարարել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ 2020 թվականին։ Այս ընթացքում Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է զգալի արդյունքների հասնել։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է փոխգործակցության առանցքային ուղղությունների ճանապարհային քարտեզ։ Դրանց թվում են խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համալիր ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը։
Զախարովայի խոսքով՝ այժմ Բաքուն ու Երևանը նախապատվությունը տալիս են ուղիղ երկխոսությանը, և Մոսկվան հարգանքով է վերաբերվում այդ ընտրությանը։