Երևանում տեղի ունեցավ Լևոն Քալանթարի անվան դպրոցական ներկայացումների «Դպրոցական դահլիճից մինչև մասնագիտական բեմ» 2-րդ ազգային մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով հաղթողներին, նշեց, որ փառատոնն օգնում է դպրոցականներին բացահայտել ստեղծագործական ներուժը, զարգանալ և թատերական ավանդույթները փոխանցել հաջորդ սերունդներին:
«Սա հիանալի հնարավորություն է ինքնադրսևորվելու, անձնապես, մտավոր ու ազգային առումով հարստանալու համար՝ անկախ նրանից՝ հետագայում սա կդարձնեք ձեր մասնագիտությունը, թե ոչ»,-նշեց դեսպանը:
Դպրոցական թատերախմբերի բեմադրությունները գնահատելու նպատակով պրոֆեսիոնալ ժյուրին հաղթահարել է շուրջ 3000 կմ՝ լինելով հանրապետության տարբեր մարզերի ուսումնական հաստատություններում։ Ընտրական փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել ութ ներկայացում, որոնք կներկայացվեն Երևանի պրոֆեսիոնալ բեմերում։
Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և թատերական գործիչների միությանը շնորհակալություն հայտնեց փառատոնին աջակցելու համար:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ևս կարևորեց թատրոնի նշանակությունը երիտասարդ սերնդի դաստիարակության և կրթության գործում:
«Թատրոնն իր մեջ միավորում է արվեստի մյուս բոլոր տեսակները և հենց դրանով էլ եզակի է։ Մանկության ու պատանեկության տարիներին թատրոնով հետաքրքրվելով՝ դուք կդառնաք կրթված և հայրենիքին պիտանի քաղաքացիներ», – նշեց նա։
Փառատոնի հաղթող բեմադրություններն են՝
– «Նեսմեյանա» — Երևանի Ներսես Մեծի անվան հ. 124 հիմնական դպրոց,
– «Մատնաչափիկ» — Երևանի «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց,
– «Իվան» -Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի միջնակարգ դպրոց,
– «Նվնվանները» – Երևանի «Գազպրոմ» կրթահամալիր,
– «Մոխրոտը» – Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց,
– «Եվգենի Օնեգին» – Երևանի Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց,
– «Սալթան թագավորի մասին —Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց:
Եզրափակիչի մասնակիցներն իրենց ներկայացումները կներկայացնեն Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Մ. Մկրտչյանի անվան թատրոնների բեմերում: Մասնակիցների համար վարպետության դաս կանցկացնի նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը:
Հատուկ մրցանակ ստացան նաև մանկավարժներ Ասյա Այվազյանը և Մելանա Բաբայանը՝ բեմադրության գեղարվեստական բարձր մակարդակի և բեմական ստեղծագործության պրոֆեսիոնալ մարմնավորման, ինչպես նաև Սյուզաննա Ղազարյանը՝ ներկայացման պրոֆեսիոնալ երաժշտական ուղեկցման համար:
Բացի այդ, մրցույթի արդյունքում 18 դպրոցականներ արժանացան փառատոնի լավագույն դերասանների կոչմանը:
Փառատոնին այս տարի մասնակցել են պատանի արտիստներ ամբողջ հանրապետությունից: Կազմակերպիչները ստացել են 40 հայտ, որոնցից 23-ը՝ մարզերից:
Նշենք, որ մրցույթը կրում է Գ.Սունդուկյանի անվան, Կ. Ստանիսլավսկու անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնների ստեղծման ակունքներում կանգնած ականավոր թատերական գործիչ Լևոն Քալանթարի անունը: