Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ զինված ուժերին արժեցել է ավելի քան 48 մլրդ դոլար

Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերի ծախսերը գերազանցել են 48 մլրդ դոլարը։ Այս մասին Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում հայտարարել է Պենտագոնի գլխավոր ֆինանսական վերահսկիչի տեղակալ Արթուր Միլլերը։

Նրա խոսքով՝ նշված գումարը ներառում է զինամթերքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների փոխարինման, ինչպես նաև ռազմական գործողությունների իրականացման ընթացիկ ծախսերը։

Միաժամանակ այդ հաշվարկում ներառված չեն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասները։ Դրանցից մի քանիսը լրջորեն տուժել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից։ Հաշվարկը չի ներառում նաև համաշխարհային տնտեսությանը հասցված վնասները։

CBS News-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի նախորդ գնահատականով պատերազմի ծախսերը կազմում էին 47,1 մլրդ դոլար։ Այդ գումարի հիմնական մասը՝ շուրջ 29 մլրդ դոլարը, բաժին էր ընկնում օգտագործված զինամթերքի փոխարինմանը։

Կորցրած ռազմական տեխնիկայի և սարքավորումների, այդ թվում՝ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի արժեքը գնահատվել էր մոտ 6 մլրդ դոլար։

Leave a comment