Սպորտային մարմնամարզության ԵԱ-2027-ը կանցկացվի Երևանում (PAN.am)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եվրոպական մարմնամարզության պատվիրակության հետ քննարկել է 2027-ին Երևանում անցկացվելիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստման ընթացքը։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Եվրոպական մարմնամարզության (European Gymnastics) գլխավոր տնօրեն Լիզա Վորթմանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, միջազգային և հայաստանյան գործընկերներ։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է Եվրոպական մարմնամարզության հետ գործընկերային հարաբերությունների նշանակությունը՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու առաջնության բարձր մակարդակով անցկացմանը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է միջազգային խոշոր մարզական իրադարձությունների կազմակերպման Հայաստանի փորձին և տարբեր գերատեսչությունների միջև համագործակցության հաստատված մեխանիզմներին, որոնք գործարկվել են նաև առաջիկա մրցաշարի նախապատրաստման գործընթացում։

Քննարկվել է նաև մարզական ենթակառուցվածքների պատրաստվածության հարցը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությանը, որը նախատեսվում է ավարտել 2027 թվականի մարտին։ Անդրեասյանի խոսքով՝ շինարարական աշխատանքների ընթացքը մշտապես վերահսկվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։

Խոսելով Հայաստանում մարմնամարզության զարգացման հնարավորությունների մասին՝ նախարարն ընդգծել է երկրի հարուստ մարզական ավանդույթներն ու միջազգային մրցասպարեզում հայ մարմնամարզիկների արձանագրած հաջողությունները։ Նրա գնահատմամբ՝ Եվրոպայի առաջնության հյուրընկալումը նոր խթան կհաղորդի մարզաձևի առաջընթացին, կնպաստի երեխաների ու պատանիների շրջանում մարմնամարզության նկատմամբ հետաքրքրության աճին և նոր սերնդի մարզիկների ներգրավմանը։

Եվրոպական մարմնամարզության գլխավոր տնօրեն Լիզա Վորթմանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով, որ այսպիսի ծավալի մարզական միջոցառման հաջող անցկացումը ֆինանսական, տեխնիկական և կազմակերպչական զգալի ռեսուրսներ է պահանջում։

Վորթմանը գոհունակություն է հայտնել նախապատրաստական աշխատանքների ընթացքի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցումը՝ որպես մարզաձևի հեռանկարային զարգացմանն ուղղված էական ներդրում։

Միջազգային գործընկերները բարձր են գնահատել նաև միջազգային մրցաշարերում հայ մարմնամարզիկների գրանցած արդյունքները, մարզչական անձնակազմի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի իրականացրած աշխատանքները։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև անհրաժեշտ մարզագույքի ապահովմանն առնչվող հարցերին։

Տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 12-րդ առաջնությունը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Leave a comment