ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական գործերի ինստիտուտում կայացած զրույցի ժամանակ հայտարարել է, որ Երևանը դիվանագիտական շփումների ընթացքում շարունակելու է բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։
«Գերիների հարցը մեր իրականության կարևոր խնդիրներից մեկն է։ Սակայն այն լուծելու համար մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը։ Հակառակ դեպքում այն չի լուծվի։ Գերիների առկայությունը թշնամական մթնոլորտի արտացոլանք է։ Եթե թշնամանքը խորանա, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ չի լուծվելու։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումն այս իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհն են»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ գերիների հարցը մշտապես եղել է Երևանի օրակարգում և շարունակում է մնալ նաև այսօր։
«Դիվանագիտական շփումների ընթացքում մենք անընդհատ բարձրացնում ենք այս հարցն ու երբեք չենք մոռանում դրա մասին։ Մենք, անշուշտ, կշարունակենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն բանտից»,- ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը։