Փաստորեն, կառավարությունը երկու գրպան ունի: Մեկը լիքն է` այն յուրայինների ու բարձր պաշտոնյաների համար է, իսկ մյուսը` հասարակ ժողովրդի համար նախատեսվածը, միշտ դատարկ է: Վահե Հովհաննիսյանը, որի աշխատավարձը եւս կրկնապատկվում է հունվարի 1-ից՝ դառնալով 2 մլն դրամ, հաստատել է, որ իրենք նախապես հաշվարկել էին՝ թաղման նպաստի կրճատումից խնայվող գումարն ուղղել թոշակների 1000 դրամով բարձրացմանը։ Քանի որ հանրային դժգոհությունից հետո սոցապը հրաժարվեց այդ նախագծից, ըստ նախարարի, «տրամաբանական է, որ այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ»։ Բայց, կառավարության նախագծով, ոչ թե բոլորին էր տրվելու 1000 դրամ, այլ՝ մի մասին:
Օրինակ՝ նվազագույն թոշակ ու նպաստ ստացողներին 1000 դրամ էին տալու, իսկ մյուսներին՝ 15 եւ ավելի տարվա ստաժ ունեցող թոշակառուներին, ընդամենը 500 դրամ։ Այդ «խնայողության» հաշվին էլ ընդհանուր գումարը կազմում էր 5.6 միլիարդ դրամ։ Իսկ եթե չմանրանային ու բոլորինը 1000-ական դրամ բարձրացնեին, ապա ամբողջ տարվա համար պետք էր ընդամենը 6.64 միլիարդ դրամ։
Հիմա նայենք բյուջեի մյուս գրպանին, որտեղ փողի պակաս երբեք չի զգացվում, հասկանալու համար, թե ինչ է այս 6,64 մլրդ դրամը մեր սիրելի կառավարիչների համար: 2026 թվականի մարտին կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 4.6 միլիարդ դրամ՝ պետական մարմինների աշխատակիցներին միանվագ խրախուսելու համար, իսկ հուլիսին նույն նպատակով եւս շուրջ 5 միլիարդ դրամ է տրամադրել։ Այսինքն՝ միայն երկու որոշմամբ պաշտոնյաներին բաժանված պարգեւավճարները կազմել են գրեթե 10 միլիարդ դրամ՝ ավելի քան 1.5 անգամ գերազանցելով 553 հազար թոշակառուի ամբողջ տարվա 1000-ական դրամ հավելումը։
Միայն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի պահպանման եւ ծրագրերի համար 2026 թվականին պետբյուջեից հատկացվել է շուրջ 25.9 միլիարդ դրամ, իսկ 2027-ին նախատեսված է 24.25 միլիարդ դրամ։ Այս գումարով կարելի էր ամբողջ երկրի թոշակառուներին 4 տարի շարունակ ամսական 1000 դրամ ավելի տալ։
2027 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովի պահպանման ծախսերին կհատկացվի 7 միլիարդ 595 միլիոն դրամ, որը 591 միլիոն դրամով ավելի է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։ Այդ մասին հայտարարել էր ֆինանսների նախարարը: Իսկ սա ավելի շատ է, քան պետք էր ամբողջ հանրապետության թոշակառուներին ամսական 1000 դրամ տալու համար:
Պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը պետական բյուջեի վրա «նստելու» էր 25-35 միլիարդ դրամ ՝ 5-6 անգամ ավելի շատ, քան անհրաժեշտ էր ամբողջ հանրապետության թոշակառուներին ամսական 1000 դրամ տալու համար։ Կառավարությունը ստիպված եղավ ժամանակավորապես հետաձգել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը: Այդ մասին հայտարարվեց երեկ: Եվ սա, ըստ ամենայնի, կապված է արտահերթ ընտրությունների հավանականության հետ` մարդկանց զայրացնում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, եւ դա կարող է արտահայտվել ընտրություններում ՔՊ-ին դեմ քվեարկելով:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: