Բժիշկը զգուշացրել է սուրճի չափից շատ օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

Սուրճի չափից ավելի օգտագործումը վտանգներ է պարունակում առողջության համար, զգուշացրել է էնդոկրինոլոգ և սննդաբան Անտոն Պոլյակովն aif-ի հետ զրույցում։

Պոլյակովը բացատրել է, որ կոֆեինը կարող է ուժեղացնել աղիների շարժողականությունը (մոտիլությունը), ինչը նշանակում է, որ դրա ավելցուկը սննդակարգում կարող է լուծ առաջացնել։ Նրա խոսքով՝ ըմպելիքի չարաշահումը կարող է հանգեցնել տագնապի, դյուրագրգռության, քնի խանգարումների, դողի և գլխացավերի. սրանք կողմնակի ազդեցություններ են, որոնք առաջանում են նյարդային համակարգի գերծանրաբեռնվածությունից։

Բժիշկը նաև նշել է, որ արյան ճնշման բարձրացումը և սրտի զարկերի հաճախացումը նույնպես վտանգավոր կողմնակի ազդեցություններ են։ «Սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ սա կարող է հանգեցնել հիպերտոնիկ ճգնաժամի, ինչպես նաև մեծացնել կաթվածի և սրտամկանի ինֆարկտի վտանգը», — զգուշացրել է սննդաբանը։

Մասնագետը խորհուրդ է տվել մարսողական համակարգի խնդիրներ ունեցողներին զգուշություն ցուցաբերել սուրճ օգտագործելիս։ Քանի որ կոֆեինը խթանում է աղաթթվի արտադրությունը, դրա ավելցուկը կարող է առաջացնել այրոց, ինչպես նաև սրել ստամոքսի էրոզիաները կամ խոցային հիվանդությունը։

Leave a comment