Զարուհի Բաթոյան․ Ասել, որ շատ մոտ ենք ԵՄ-ին` ոչ, բայց ասել, որ ԵՄ անդամ լինելն անիրատեսական է, դա էլ ճիշտ չէ․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Զարուհի
Բաթոյանն է:

– Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել էր, որ Հայաստանը հեռու է ԵՄ անդամ դառնալուց, նա կարծում է, որ այս ճանապարհով Հայաստանն ավելի շատ է Մոսկվայի գրկում հայտնվելու: Հայաստանն իրապե՞ս այդքան հեռու է ԵՄ-ից:

– Նախ ասեմ, որ Արմեն Գրիգորյանի կարծիքին ես վաղուց եմ ծանոթ, քանի որ մեր աշխատանքային փակ քննարկումների ժամանակ նա խոսել է այդ մասին, եւ այստեղ ինչ-որ արտառոց բան տեղի չի ունեցել: Մեր աշխատանքային քննարկումները, որոնք մամուլի համար բաց չեն, տարբեր կարծիքներ են ենթադրում, եւ այն մտայնությունը, թե մեկ մարդ է խոսում, եւ բոլորս այդ մեկ մարդու կարծիքին համաձայնում ենք, բոլորովին այդպես չէ: Մեր թիմում մշտական քննարկումներ կան, ներառյալ կարող են շատ սուր կարծիքներ հնչել, կարող են լինել անհամաձայնություններ, եւ դա միշտ է եղել, միֆ չէ: Այնպես որ, Արմեն Գրիգորյանի տեսակետը մենք վաղուց գիտեինք: Ինչ վերաբերում է այն հարցին՝ մենք հեռո՞ւ ենք ԵՄ անդամ դառնալուց, թե՝ ոչ, ապա ասեմ, որ մենք շատ լուրջ անելիքներ ունենք: Տարբեր ոլորտներում շատ լուրջ են ստանդարտների հետ կապված անելիքները: Չենք կարող այդ ամենին ուղղակի մատների արանքով նայել եւ ասել` պատրաստ ենք դրան: Ամենեւին` ոչ: Մենք շատ ավելի ուժեղ ձեւով պետք է կենտրոնանանք մեր անելիքների վրա` տարբեր ոլորտներում: Կլինի առողջապահության ոլորտ, կլինի հակախտրականության օրենսդրություն, կլինեն անձնագրային, սահմանային հարցեր եւ այլն: Բազմաթիվ են մեր անելիքները: Եթե այս իմաստով նայենք, ապա այս պահին շատ մոտ չենք ԵՄ անդամ լինելուն, բայց գործուն քայլեր ենք ձեռնարկել: Հետեւաբար ասել, որ շատ մոտ ենք ԵՄ-ին` ոչ, բայց ասել, որ ԵՄ անդամ լինելն անիրատեսական է, դա էլ ճիշտ չէ:

– Արմեն Գրիգորյանը նաեւ գրել էր, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր շահերն Իրանի եւ ՌԴ-ի հետ, կախվածությունները: Ռուսաստանը գուցե լավ դաշնակից չէ, սակայն կարող է լինել վտանգավոր թշնամի:

– Ես չեմ կարծում, որ դա նորություն է, որ մենք տնտեսապես կախված ենք Ռուսաստանից, Իրանից: Մենք տնտեսական կախումների մեջ ենք նրանցից, սակայն մեր խնդիրը հենց այն է, որ կախումները լինեն բազմազան, այսինքն` մեկ երկրից կախումը պետք է դարձնենք մի քանի երկրից կախում, որպեսզի այն դառնա որոշակի հոմանիշ անկախությանը: Որեւէ երկիր չի կարող լրիվ անկախ լինել, բայց դրա հոմանիշը պետք է լինի տնտեսական համագործակցությունը տարբեր երկրների հետ: Պետք է մի քանի տարբերակ ունենանք: Մեր տնտեսության ահռելի մասն ուղղակիորեն կապված է ՌԴ-ի հետ, եւ մենք այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, որոնց մասին գիտեն բոլորը, օրինակ` ԵՄ-ի հետ կապված համագործակցությունը, որոշակի արտոնությունների սահմանում եւ այլն:

– Նշում եք, որ փակ հանդիպումների ժամանակ կարծիքները միատարր չեն: Այսինքն՝ թիմի անդամները հակադրվո՞ւմ են մեկ մարդու կարծիքին: Կա՞ն տարբեր տեսակետներ հայտնողներ:

– Իհարկե, այլակարծիք են քննարկումները: Տարբեր ուղղությունների հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, կան մարդիկ, ովքեր տարբեր հարցերի վերաբերյալ ունեն տարբեր կարծիքներ, բայց չեմ կարող ասել, որ դրանք նույնական են Արմեն Գրիգորյանի կարծիքի հետ կամ հակառակը: Անհատները, բնականաբար, մաս են կազմում թիմին, թիմն ունի միանշանակ դիրքորոշում, սակայն անհատապես կարծիքները տարբեր են: Մենք նպատակ ունենք ԵՄ անդամ դառնալու: Բնականաբար, որոշներն ունեն իրենց կարծիքը, որոնք ենթակա են քննարկման, սակայն թիմի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ պետք է ձգտել ԵՄ անդամ դառնալուն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի» այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment