«Հայաստանում, եթե դու ընդդիմադիր ես, մուրճը խփում են ու միանգամից տանում են կալանքի: Եվ դա ուղեկցվում է մարդու բարի համբավին վնասմամբ, վարկաբեկմամբ: Քեզ տանում են բանտ ու հասցնում ինֆարկտի, ինչպես դա եղավ մեր թանկ գործընկեր Արսեն Գևորգյանի դեպքում: Իսկ երբ որոշ ժամանակ անց գործը կարճվում է կամ մարդն արդարացվում է, նույն եռանդով իշխանությունները չեն փորձում մարդուն դրական քողի տակ ներկայացնել, որովհետև դա նրանց պետք չէ: Նրանց պետք է մարդուն վարկաբեկել, ընդդիմադիր գործչին ուղղակի գցել հանրության աչքից:
Հայաստանը դադարել է լինել ժողովրդավարական պետություն, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող օրենքը, կառավարությունը, վարույթ իրականացնող մարմինը, դատարանը լինել մեկ մարդ, և դա լինի Նիկոլ Փաշինյանը»,- ԵՄ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը:
«Ես դիմում եմ մեր հարգելի եվրոպացի գործընկերներին, որպեսզի թույլ չտան, որ Հայաստանը վերջապես վերածվի բռնապետական երկրի: Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն, որովհետև կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց: Իրավական պետություններում կալանքը որպես խափանման միջոց է, որը կիրառվում է բացառիկ և խիստ անհրաժեշտ դեպքերում, իսկ Փաշինյանի օրոք կալանք են տալիս, եթե դու ընդդիմադիր ես: Ես դիմում եմ մեր բոլոր արտաքին գործընկերներին, որպեսզի գործուն ջանքեր գործադրեն Հայաստանը կրկին իրավական պետություն դարձնելու համար: Ես խնդրում եմ նրանց, որ մեր գործընկեր Արսեն Գևորգյանի հետ կապված՝ տան հստակ գնահատական… Ես խնդրում եմ, որպեսզի արձագանքեն, որովհետև եթե ոչ իշխանությունը, ապա ո՞վ է պատասխանատվություն կրում Արսեն Գևորգյանի մահվան համար, որովհետև պետությունն էր, որ պետք է կանխեր նրա և այլոց մահերը»,- ասաց Անուշ Միրզոյանը։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները նամակ փոխանցեցին ԵՄ գրասենյակին:
Ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: